25.05.2022
|
||
---|---|---|
USD | 450.71 -1.99 | |
GBP | 562.98 -3.35 | |
EUR | 480.77 -3.94 | |
GEL | 158.28 +0.27 | |
RUB | 8.04 +0.02 |
ՀՀ ազգային ժողովի 7-րդ գումարման 4-րդ նստաշրջանի ընթացքում ամենաշատ բացակայած պատգամավորը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն է: Այս մասին մամուլի ասուլիսին ասաց «ԱԺ մոնիտորինգ» ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանը՝ ներկայացնելով դիտարկման տվյալները:
«Նախորդ նստաշրջանում «ԲՀԿ» առաջնորդ Գագիկ Ծառուկյանը լքել էր նիստերից ամենաշատը բացակայած պատգամավորների շարքը, հիմա նորից վերադարձել է այդ դիրքին: Ընդհանրապես, ԱԺ նիստերից ամենաշատ բացակայածների հնգյակում պատգամավորներից չորսը «ԲՀԿ»-ից են, մեկը՝ «Իմ քայլը» խմբակցությունից։ Պետք է ասեմ, որ «Իմ քայլ»-ի պատգամավորը ֆիզարձակուրդում է եղել»,- նշեց Վասիլյանը:
Նրա խոսքով՝ նախորդ նստաշրջանում իրենք բախվել էին խնդրի, քանի որ ամենաշատ բացակայածների տասնյակում հայտնվել էին ամենաշատ գործուղման մեկնած պատգամավորները։ «Այս անգամ գործուղումներ չեն եղել»,- ընդգծեց ծրագրի ղեկավարը։
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն, անդրադառնալով Ծառուկյանի բացակայություններին, նշեց, որ վերջինս բացակայել է կորոնավիրուսային հիվանդության և իր տարիքի պատճառով:
«ԱԺ-ում այդ կարգը կար, որ կարելի էր դիմել ԱԺ նախագահին և չմասնակցել նիստերին։ Այդ բացակայությունները դրանով են պայմանավորված»,- ասաց Մելքումյանը։
Լուսինե Վասիլյանը, ներկայացնելով ամենաակտիվ պատգամավորների տվյալները, հայտնեց, որ խորհրդարանում ամենաակտիվ, ամենաշատ հարց տված պատգամավորը «ԲՀԿ»-ական պատգամավոր Միքայել Մելքումյանն է:
Ընդհանուր առմամբ, 132 պատգամավորներից 20-ը որևէ ելույթ չի ունեցել և հարց չի հնչեցրել։