16.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.09 -0.10 | |
GBP | 488.16 -2.80 | |
EUR | 411.41 -2.90 | |
GEL | 145.81 +1.52 | |
RUB | 6.62 +0.02 |
Հանրապետությունում ուսուցիչների թեստավորման գործընթացի կեսն արվել է, հոկտեմբերի առաջին տասնօրյակում կավարտվի: Հրավիրված ասուլիսում այս մասին հայտնեց ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի համաճարակաբանության բաժնի պետ Լուսինե Պարոնյանը:
«Սեպտեմբերի 7-ից հանրապետությունում իրականացվում է ուսուցիչների դպրոցական անձնակազմի թեստավորում: Անձնակազմի մեծ քանակը հաշվի առնելով՝ երկու շաբաթում թեստավորման գործընթացը հնարավոր չէր ամբողջական ավարտին հասցնել: Կարծում եմ, որ հոկտեմբերի առաջին տասնօրյակում ուսուցիչների թեստավորումը կավարտվի»,-ասաց Լուսինե Պարոնյանը:
Թեստավորված ուսուցիչների մոտ 1.5 տոկոսի շրջանում է հաստատվել կորոնավիրուս: Նրանք հիմնականում ախտանշաններ չեն ունեցել: Ներկայում 300-ից ավելի աշխատակից ինքնամեկուսացած է, բարդ դեպքեր չկան, նրանք իրենց տանն են:
Այս ընթացքում հաճախակի հանդիպող դեպքերից է այն, որ թեստի դրական պատասխան ունենալուց հետո ուսուցիչները վճարովի թեստավորում են կատարել, որի արդյունքը եղել է բացասական: Դժգոհություններ եղան ուսուցիչների շրջանում, որ ամեն դեպքում նրանք ստիպված են ինքնամեկուսանալ: Լուսինե Պարոնյանը նշեց, որ իրենց լաբորատորիան Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից անցել է որակի արտաքին հսկողություն, 100 տոկոսանոց ճշգրտության արդյունք է ցույց տվել:
«Մեր լաբորատոր կարողությունները կասկածի տակ դնել չի կարելի: Եթե անգամ տարբեր են արդյունքները միևնույն է խնդիր կա, և անձը պետք է մեկուսանա, նույնիսկ ախտանշաններ չունենալու դեպքում: Ինչ վերաբերում է թեստավորման արդյունքների տարբերությանը, ապա բազմաթիվ գործոն կարող է ազդել՝ սկսած նմուշառման տեխնիկայից, վերջացրած թեստավորումից առաջ հաց ուտելով, ջուր խմելով»,-ասաց նա: Լուսինե Պարոնյանը: Նա հորդորում է անիմաստ գումար չծախսել, չդիմել մասնավոր լաբորատորիաներ, միևնույն է, եթե սկզբում դրական է եղել, ապա պետք է ինքնամեկուսացվեն: