226 դիտում, 2020.09.24 20:36

Հնդկաստանի դեսպանը ՀՀ ոստիկանապետի հետ հանդիպմանն ընդգծել է իրավապահների արդյունավետ գործակցությունը

Հնդկաստանի դեսպանը ՀՀ ոստիկանապետի հետ հանդիպմանն ընդգծել է իրավապահների արդյունավետ գործակցությունը

ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը սեպտեմբերի 24-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալին։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ողջունելով դեսպանին՝ Վահե Ղազարյանը կարևորել է Հայաստանի ոստիկանության և Հնդկաստանի դեսպանատան միջև առկա սերտ համագործակցությունը։ Նա հույս է հայտնել, որ Հայաստանի և Հնդկաստանի իրավապահ կառույցների միջև փոխգործակցությունն ավելի կամրապնդվի։ Որպես օրինակ՝ Վահե Ղազարյանը հիշատակել է այդ համագործակցության շրջանակներում հայ ոստիկանների մասնակցությունը Հնդկաստանում վերապատրաստման դասընթացներին։

Ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը ներկայացրել է ոստիկանությունում ընթացող բարեփոխումների մանրամասներ։

Կիշան Դան Դեվալը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, հաջողություն է մաղթել ոստիկանության բարեփոխումների ծրագրերի իրականացման գործում։

Դեսպանն ընդգծել է Հայաստանի և Հնդկաստանի իրավապահ կառույցների արդյունավետ համագործակցությունը հատկապես Ինտերպոլի շրջանակներում, ինչի շնորհիվ պատասխանատվությունից խուսափող հետախուզվողներ են հայտնաբերվում և ներկայացվում արդարադատությանը։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս։