132 դիտում, 2020.09.24 16:42

Վարկային պայմանագրերը բարդ ձևակերպումներ ունեն. ՄԻՊ-ը հորդորում է քաղաքացիներին կարդալ դրանք

Վարկային պայմանագրերը բարդ ձևակերպումներ ունեն. ՄԻՊ-ը հորդորում է քաղաքացիներին կարդալ դրանք

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հորդորում է քաղաքացիներին վարկային պայմանագրերը ստորագրելիս անպայման կարդալ, նկատել է՝ դրանք խրթին ձևակերպումներ ունեն: Թաթոյանն այս մասին ասել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ  հրավիրված «Վարկերի եւ ժամկետանց այլ պարտավորությունների նկատմամբ տույժերի, տուգանքների եւ վարկային տոկոսադրույքների կիրառման, դրանց համաներման եւ այլ վարկային հիմնախնդիրները ՀՀ բանկային համակարգում» թեմայով խորհրդարանական լսումներում:

ՄԻՊ-ի իրավասությունը բանկերի և վարկային կազմակերպությունների հետ կապված, սահմանափակ է: Մարդու իրավունքների պաշտպանը չունի իրավասություն՝ զբաղվելու բանկերի դեմ, վարկային կազմակերպությունների դեմ կոնկրետ բողոքներով, այդուհանդերձ իրականացնում է որոշակի մոնիտորինգ, սակայն համակարգային առումով, մարդու իրավունքների  հետ կապված հարցերը լուծելու նպատակով նույնպես ծավալում է որոշակի աշխատանքներ:  «2020 թվականի հունվարի 1-ից մինչև սեպտեմբերի 23-ն ընկած ժամանակահատվածում ՄԻՊ-ը բանկերի կամ վարկային կազմակերպությունների կողմից քաղաքացիների իրավունքների ենթադրյալ խախտումների վերաբերյալ ստացել է ըստ խնդրի բնույթի 200 գրավոր և բանավոր դիմում-բողոք՝ 400 անձից: Հայաստանում կորոնավիրուսի վարակի տարածումը  կանխարգելելու նպատակով հայտարարված մարտակարգ դրության ժամանակահատվածում ստացվել է ըստ խնդրի բնույթի 83 գրավոր և բանավոր դիմում- բողոք՝ 276 անձից»,-ասել է Թաթոյանը:

Նա նշել է, որ ոլորտում խնդիրները տարբեր են: ՄԻՊ-ի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ իրավունքների խախտումների, դրանց ոտնահարումների կամ այլ խնդրահարույց իրավիճակների պատճառ են դառնում ոչ պատշաճ իրազեկումները: Թաթոյանը որպես օրինակ նշեց, որ քաղաքացիների և բանկերի միջև կնքվող վարկային պայմանագրերը բարդ ձևակերպումներ ունեն, քաղաքացիներն էլ մեխանիկորեն ստորագրում են: «Դրանք այնքան խրթին են, որ երբ մեզ դիմումները հասցեագրում են, վերլուծում ենք, որոշ հարցեր են ի հայտ գալիս»,-նշել է նա ու հավելեց, որ բանկային համակարգում անհրաժեշտ է ավելի ուժեղացնել իրազեկումը կամ պարզեցնել պայմանագրերը:

ՄԻՊ-ը շեշտել է, որ գլխավոր հարցն այն պետք է լինի, որ քաղաքացիները կարդան պայմանագրերը:

Թաթոյանը նշել է, որ լուրջ խնդիր է դատական քաշքշուկների մեջ քաղաքացու հայտնվելը: «Այս անթույլատրելի վիճակի գլխավոր պատճառներից մեկն այն է, որ չկա այլընտրանքային համապատասխան մարմին, կարծում ենք, որ պետք է լինի արբրիտրաժային լիազորություններով օժտված համապատասխան մարմին, որ նախկինում, ենթադրենք գոյություն է ունեցել բանկային միության կազմում, և մասնագիտական մոտեցումների սկզբունքով կարողանա վեճերի այլընտրանքային լուծում իրականացնել»,-ասել է նա:

ՄԻՊ-ը կոչ արել քաղաքացիներին մշտապես ուսումնասիրել այն փաստաթղթերը, որոնք ստորագրում են: «Խնդրահարույց իրավիճակներ ունենք, երբ բռնագանձում է տարածվում բանկի կողմից մարդու կենսաթոշակի, հաշմանդամության կենսաթոշակի վրա, աշխատավարձի վրա»,-ասաց նա: