ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը կողմնակից է, որ համավարակի պայմաններում վարկերի հարցում երկրում ներդրվի համաներման համակարգ: Այս մասին ասել է պատգաավոր Արման Աբովյանը՝ խմբակցության նախաձեռնությամբ հրավիրված «Վարկերի եւ ժամկետանց այլ պարտավորությունների նկատմամբ տույժերի, տուգանքների եւ վարկային տոկոսադրույքների կիրառման, դրանց համաներման եւ այլ վարկային հիմնախնդիրները ՀՀ բանկային համակարգում» թեմայով խորհրդարանական լսումներում:
Արման Աբովյանը նշել է՝ լսումներն ուղղված են քաղաքացիների առաջ քաշած խնդիրները բարձրաձայնելու, հավաքելու, համակարգելու և օրենսդրական համապատասխան առաջարկներով հանդես գալու համար: Աբովյանը նկատեց՝ Covid-19-ի համավարակը ամբողջ աշխարհում որոշակի ձևափոխումներ արեց, և դրանց հետևանքով այսօր ՀՀ-ն ապրում է ծանրագույն տնտեսական ճգնաժամ: Եվ պատգամավորի կարծիքով՝ այդ տնտեսական ճգնաժամի ընթացքում պետք է հաշվի առնել շատ կարևոր մի բան. այն է՝ վարկերի տրամադրման, սպասարկման պայմանները չեն համապատասխանում իրական իրավիճակին, որը տիրում է ՀՀ-ում: «Մարդիկ թե մինչև համավարակը, թե մինչև տնտեսական ճգնաժամն ունեին աշխատանք, ունեին որոշակի տեսլական ապագայի համար: Սակայն այնպես է ստացվել, որ բազմաթիվ մարդիկ զրկվել են աշխատանքից կամ ֆինանսական խնդիրների առջև են կանգնել: Ծանրագույն իրավիճակում հայտնվել են ոլորտներ»,- ասել է պատգամավորը:
Նա նշել է՝ իրենք դիտարկում են համաներման համակարգի ներդրումը: Նրա կարծիքով՝ պետության կողմից պետք է լինի ուղղակի սուբսիդավորում, պետությունը պետք է քաղաքացիների խնդիրների լուծմանն ուղղված քայլեր ձեռնարկի:
«Պետք է ստեղծվի մի իրավիճակ, որ ֆինանսական կազմակերպություններն առաջին հերթին գործընկեր լինեն քաղաքացու հետ»,-նշել է նա:
Հայաստանում արտակարգ դրության պայմաններում Կենտրոնական բանկի հորդորով առևտրային բանկերը վարկերի հարցում պետք է ցուցաբերեն անհատական մոտեցում: ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը սեպտեմբերի 8-ին հայտնել էր, որ Հայաստանում կորոնավիրուսի ճգնաժամի ընթացքում բանկերը հետաձգել են ընդհանուր 1.3 տրլն դրամ մնացորդով վարկային պարտավորությունների մարում, արդյունքում բանկային համակարգ չի մտել ընդհանուրը 100 մլրդ դրամ: