524 դիտում, 2020.09.24 11:58

Վարչապետն ահազանգում է Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի սրվելու մասին

Վարչապետն ահազանգում է Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի սրվելու մասին

Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը կրկին սրվում է: Այս մասին կառավարության նիստում նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ վերջին օրում գրանցվել է կորոնավիրուսի 374 նոր դեպք՝ 3913 հետազոտությունից։

Վարչապետի խոսքով՝ սա, իհարկե, կապված է մարդկանց շարժողունակության ավելացման հետ։ «Եվ ինչպես ենք մենք այս իրավիճակին վերաբերվում։ Մեր դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը, որ մենք պետք է ապրենք կորոնավիրուսի հետ զուգահեռ։ Եվ այստեղ շատ բան կախված է մեզնից յուրաքանչյուրի անհատական պատասխանատվությունից։ Իհարկե, պետք է նաև վարչական խիստ մեթոդներ կիրառվեն։ Եվ պայմանավորվել ենք, որ տեսչական մարմիններն ու ոստիկանությունը կուժեղացնեն հսկողությունը կանոնների պահպանման նկատմամբ։ Բայց մյուս կողմից մենք պետք է հասկանանք, որ ունենք կարմիր գծեր»,- ասել է վարչապետը՝ ավելացնելով, որ կարմիր գիծն այն է, երբ հիվանդանոցային կարողությունները կսպառվեն, ուստի այդ ժամանակ էլ կառավարությունը պետք է այլ որոշումներ կայացնի:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ հուլիսին ծավալված հիվանդանոցային մեծ կարողությունները, որոնք հետ են ծավալվել, պատրաստ են ցանկացած պահի հետ վերադառնալ կորոնավիրուսի սպասարկմանը։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասել է, որ այս պահին կորոնավիրուսով հիվանդների համար կա ծավալված մոտ 1230 սովորական մահճակալ և 170 վերակենդանացման մահճակալ, որոնց 30 տոկոսը դեռ մնում է ազատ։ Կորոնավիրուսային հիվանդության բուժմամբ այսօր զբաղվում է 5 հիվանդանոց, ևս երեքը՝ նորածինների ու հղիների համար։ «Սակայն, ինչպես Դուք նշեցիք, և ի սկզբանե էր դա պլանավորված, ցանկացած պահի կամ մեկ-երկու օրվա մեջ, երբ իրավիճակը կրկին կտրուկ կսրվի, ամբողջ ռեսուրսը նորից կարող է գործի անցնել։ Ուզում եմ հիշեցնել, որ մոտավորապես 2700-2800 սովորական և 300 վերակենդանացման մահճակալների մասին է խոսքը»,- ասել է նախարարը։