Հայաստանում կորոնավիրուսով հիվանդների ամենամեծ թիվը եղել է հուլիսի 6-ին, իսկ ամենացածր թիվը՝ սեպտեմբերի 11-ին։ Այս մասին կառավարության նիստում նշել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ ավելացնելով, որ սեպտեմբերի 11-ից մինչ օրս օրվա կտրվածքով դրական դեպքերի թիվն աճում է՝ հասնելով 374-ի:
«Այսօրվա թիվն, իհարկե, կտրուկ տարբերվում է նախորդ օրերի աճից, սակայն տենդենցը սկսվել է սեպտեմբերի 11-ից։ Եվ, այո, դա պայմանավորված է թե շարժունակության մեծացմամբ, թե համաճարակային կանոնների նկատմամբ մեր կարգապահությամբ»,-ասել է նախարարը։
Արսեն Թորոսյանի խոսքով՝ եթե մեկ շաբաթվա ընթացքում սրանից ավելի կտրուկ աճ լինի, արդեն դա կապվելու է դպրոցների վերաբացման հետ։ «Խոսքը միայն դպրոցի ներսում փոխանցման մասին չէ։ Դպրոցներն ինքնին և ուսումնական հաստատությունները մեր բնակչության զանգվածային շարժունակությունն ապահովող ամենամեծ գործոններից մեկն են, որը փաստացի չկար երկար ժամանակ։ Եվ դա մենք ավելացրել ենք, իհարկե, գնահատելով ռիսկերը։ Եվ պետք է իրավիճակին հետևելով՝ թույլ չտանք հասնել կարմիր գծերին»,- ասել է նախարարը: