176 դիտում, 2020.09.23 22:18

Քննարկվում է «Հին Երևան» ծրագրի իրացումները պետական մարմնի մասնակցությամբ շարունակելու հարցը

Քննարկվում է «Հին Երևան» ծրագրի իրացումները պետական մարմնի մասնակցությամբ շարունակելու հարցը

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանի գլխավորությամբ սեպտեմբերի 23-ին տեղի է ունեցել «Հին Երևան» կառուցապատման ծրագիրը համակարգող աշխատանքային խմբի առաջին նիստը: Այս մասին հայտնում են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, իր ելույթում Վարագ Սիսեռյանն ասել է.

«Բարև ձեզ, հարգելի՛ գործընկերներ,

Այսօր Երևանի 14ա թաղամասում «Հին Երևան» կառուցապատման ծրագիրը համակարգող աշխատանքային խմբի առաջին նիստն է:

«Հին Երևան» ծրագիրը մայրաքաղաքի կայուն զարգացման առանցքային բաղադրիչներից է թե՛ քաղաքաշինական և թե՛ պատմամշակութային արժեքների պահպանման և նորովի մատուցման տեսանկյունից: Ծրագիրը միտված է խթանելու շինարարական գործընթացները Երևանում՝ պահպանելով քաղաքի կենտրոնական հատվածի կոլորիտը և պատմամշակութային միջավայրը:

Ներկայումս ընթանում են իրացման ակտիվ աշխատանքներ: Տարածքում առկա մոտ 150 գույքից այս պահին օտարման ենթակա է մնացել 47-ը: Իրացումների և շինարարական գործընթացների հետ կապված խնդիրները գույքագրվում են ամենօրյա ռեժիմով, կատարվում են ակտիվ աշխատանքներ խնդիրներին պետական մակարդակով լուծում տալու ուղղությամբ:

2018 թվականից ի վեր արձանագրվել է դրական տեղաշարժ թե՛ իրացումների և թե՛ շինարարության մասով, մասնավորապես՝ բարձրացվել է բնակիչներին տրամադրվող փոխհատուցման գումարի չափը: Այս փուլում քննարկվում է նաև իրացումների գործընթացը պետական կամ համայնքային մարմնի մասնակցությամբ շարունակելու հարցը, ինչը կնպաստի գործընթացների առավել արդյունավետ լինելուն:

Հարկ է նշել, որ ելնելով ծրագրի իրագործման ծավալներից և բազմաշերտ բնույթից՝ ընթացիկ աշխատանքների իրականացման ընթացքում առաջանում են մի շարք խնդրահարույց հարցեր՝ մասնավորապես հողերի օտարումների, շինարարական թույլտվությունների և այլնի հետ կապված:

Մենք կքննարկենք և կգույքագրենք բոլոր խնդիրները ու կփորձենք գտնել համապատասխան լուծումներ բոլոր խնդիրներին և ավարտին հասցնել այս ծրագիրը»: 

Նիստին մասնակից տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչները ներկայացրել են հողերի իրացման, նախագծային և շինարարական ընթացիկ աշխատանքների ներկա վիճակը: Համապարփակ անդրադարձ է կատարվել ծրագրի իրականացման հետ կապված առկա հիմնական խնդիրների գույքագրմանը և դրանց լուծմանը վերաբերող հարցերին: Նախանշվել են աշխատանքային խմբի գործունեության հետագա քայլերը: