296 դիտում, 2020.09.23 21:27

Եվրահանձնաժողովը ՀՀ-ում դատական ոլորտի բարեփոխումների համար կհատկացնի 30 մլն եվրո

Եվրահանձնաժողովը ՀՀ-ում դատական ոլորտի բարեփոխումների համար կհատկացնի 30 մլն եվրո

Եվրոպական հանձնաժողովը Հայաստանում դատական ոլորտի բարեփոխումների իրականացման նպատակով կհատկացնի 30 մլն եվրո: ՀՀ կառավարության սեպտեմբերի 24-ի նիստի օրակարգում է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Աջակցություն Հայաստանում դատական ոլորտի բարեփոխումների իրականացմանը. Փուլ I» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին հարցը:

Ըստ նախագծի հիմնավորման, ֆինանսավորման համաձայնագրի նախագծով սահմանվում է Եվրոպական միության կողմից «Աջակցություն Հայաստանում դատական ոլորտի բարեփոխումների իրականացմանը. Փուլ I» ծրագրի ֆինանսավորումը՝ 30 մլն  եվրո գումարի չափով, որից 3 մլն եվրոն միտված է տեխնիկական աջակցությանը (հիմնականում խորհրդատվական ծառայություններին), իսկ մնացած 27 մլնը՝ երեք հավասար մասնաբաժիններով հատկացվելու է պետական բյուջեին՝ ըստ համաձայնագրի ընդհանուր և հատուկ պայմանների իրականացման։

Ծրագիրն ուղղված է արդարադատության ոլորտում Հայաստանի Հանրապետության բարեփոխումների իրականացման գործընթացին աջակցելուն՝ Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրի (ՀԸԳՄ) շրջանակներում ՀՀ ստանձնած պարտավորություններին և ԵՄ լավագույն գործելակերպերին համապատասխան։

Ծրագրի ընդհանուր նպատակն է հնարավոր դարձնել արդարադատության ոլորտում օրենքի գերակայության և կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի ապահովումը։ Հատուկ նպատակներն են արդարադատության համակարգում անկախության, բարեվարքության և հաշվետվողականության ամրապնդումը, ծառայությունների մատուցման և դրա կատարողականի բարելավումը, ինչպես նաև կոռուպցիայի նկատմամբ դատական համակարգի հակազդեցության ուժեղացումը։

Ծրագրի հիմքում ընկած են Դատական և իրավական բարեփոխումների ռազմավարությամբ և վերջինիս 2019-2023թթ. գործողությունների ծրագրով ամրագրված առաջնահերթությունները, ինչպիսիք են՝ կոռուպցիայի դեմ պայքարը, դատավորների անկախության, անկողմնակալության ու հաշվետվողականության, ինչպես նաև դատական իշխանության գործունեության արդյունավետության բարելավումը։ Ծրագրում արտացոլված են նաև ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունում տեղ գտած առաջնահերթությունները, որոնցից է մասնագիտացված հակակոռուպցիոն դատարանի և համապատասխան կանխարգելիչ, դատախազական և քննչական մարմինների ստեղծումը։

Բյուջետային աջակցության միջոցների փոխանցմամբ ՀՀ կառավարությանը հնարավորություն կտրվի բարելավել արդարադատության ոլորտի և դրա հետ փոխկապակցված հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և իրագործման համար անհրաժեշտ ֆինանսական կարողությունը։ Տեխնիկական աջակցությունը կնպաստի բարեփոխումների իրականացմանը, իրազեկվածության բարձրացմանը, կանոնավոր մշտադիտարկում իրականացնելու և համապատասխանությունը գնահատելու նպատակով տվյալների հավաքագրման մեխանիզմների կատարելագործմանը։