24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավար Սեդրակ Բարսեղյանի և ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Մեթ Մյուրեյի համանախագահությամբ կայացել է Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության նիստի առցանց խորհրդակցությունների բազմաոլորտ համագործակցության վերաբերյալ նիստը:
Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել տնտեսական, էներգետիկ և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում հայ-ամերիկյան համագործակցությանը և դրանց զարգացման հեռանկարին:
Սեդրակ Բարսեղյանն ամերիկյան կողմին ներկայացրել է Հայաստանի Կառավարության գերակայությունները՝ անդրադառնալով ոլորտային ռազմավարությունների և 2020-2050 թթ. ՀՀ վերափոխման ռազմավարության կարևորությանը և առաջնահերթություններին: Փոխվարչապետի գրասենյակի ղեկավարը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին այս դժվարին ժամանակահատվածում Հայաստանին տրամադրվող աջակցությունն ընդլայնելու համար, որն ուղղված էր ոչ միայն կորոնավիրուսի հաղթահարմանը առողջապահության ոլորտում, այլև մյուս ոլորտներում կորոնավիրուսի հետևանքների չեզոքացմանը:
Հայկական կողմից ելույթներով հանդես են եկել նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, էկոնոմիկայի և բարձր տեխնոլոգիաների նախարարությունների ներկայացուցիչները:
ԱՄՆ կողմից համանախագահող Մեթ Մյուրեյը նիստի ընթացքում, շնորհավորելով հայկական կողմին սեպտեմբերի 21-ին տեղի ունեցած Անկախության տոնի կապակցությամբ, ներկայացրել է հայ-ամերիկյան երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունները, ինչպես նաև անդրադարձել Հայաստանում կանանց դերի խթանման հարցին:
ԱՄՆ ՄԶԳ փոխտնօրենի տեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկին նիստի ընթացքում ներկայացրել է ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը և Կառավարության ներկայացուցիչների հետ քննարկել համագործակցության ընդլայնման հնարավորությունները:
Ամփոփելով նիստը հայկական և ամերիկյան կողմերի պաշտոնյաները կարևորել են նման ձևաչափով քննարկումները՝ ընդգծելով դրանց արդյունավետությունը երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից: