կարևոր
1551 դիտում, 2 տարի առաջ - 2020-09-22 16:36

Դատարանը հետաձգեց Քոչարյանի պաշտպաններին հավասար «զենքերով» օժտելու միջնորդությունը

Դատարանը հետաձգեց Քոչարյանի պաշտպաններին հավասար «զենքերով» օժտելու միջնորդությունը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն այսօր դատարանում պնդեցին դատական նախորդ նիստում ներկայացրած իրենց միջնորդությունը` «Մարտի 1»-ի`դեռևս նախաքննության փուլում գտնվող մայր գործի բոլոր նյութերն իրենց տրամադրելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է armeniasputnik.am-ը։

Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանն իր ելույթում նշեց, որ այս պարագայում մեղադրանքի ու պաշտպանության կողմերն «անհավասար զենքերով» են մենամարտում, քանի որ տիրապետում են տարբեր ծավալի տեղեկությունների։

«Այստեղ առանց կանոնների մենամարտ չէ, որ ով ինչ եղանակով ուզի, փորձի իրենն առաջ տանել։ Այստեղ պետք է դատավարական կանոնների, սկզբունքների պահպանմամբ փորձել հավասարության հասնել։ Եթե այդ կանոններն անտեսվում են, «զենքերի հավասարությունը» կիրառելի չի լինի»,– ասաց Խուդոյանը։

Մեղադրող կողմը Քոչարյանի փաստաբանների այս միջնորդությունն «անհիմն» որակեց` դատարանից խնդրելով մերժել այն:

Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը ասաց` պաշտպանության կողմը դատական պաշտպանության հավասարությունը փորձում է տարածել սույն վարույթից դուրս գտնվող տեղեկությունների վրա։

«Մենք չենք ներկայացրել որևէ փաստարկ, որ չկա քրեական գործում ու չենք պատրաստվում ներկայացնել մի փաստարկ, որին հակադարձելու հնարավորություն պաշտպանական կողմը չի ունենա, այդ պարագայում գործ կունենանք պաշտպանության իրավունքի խախտման, անհավասար «զենքերի» հետ, բայց սույն գործով մեր ունեցած «զենքը» դատարան ներկայացված փաստական տվյալներն են, որ առկա են դատական գործում»,- ասաց Բաղդասարյանը: