240 դիտում, 2020.09.22 16:13

Արժևորելով միտքն ու համառությունը. նախագահի նստավայրում հանձնվեցին «Պողոսյան մրցանակները»

Արժևորելով միտքն ու համառությունը. նախագահի նստավայրում հանձնվեցին «Պողոսյան մրցանակները»

ՀՀ նախագահի նստավայրում կրթության, գիտության և մշակույթի ոլորտում աչքի ընկած 31 անձի հանձնվեց 2020 թվականի «Պողոսյան մրցանակներ»։ Մրցանակները հանձնեց «Պողոսյան մրցանակի» հովանավոր, լիբանանահայ բարերար Ժան Պողոսյանը։

Ժան Պողոսյանը նշեց, որ արդեն գրեթե 20 տարի է, ինչ «Պողոսյան հիմնադրամը» տվել է այս մրցանակաբաշխության մեկնարկը, որի հիմնական նպատակն է ճանաչել և խրահուսել հայ տաղանդներին։

«Հպարտությամբ կարող եմ ասել, որ 2001 թվականից մինչև օրս 405 անձինք և կազմակերպություններ արժանացել են այդ մրցանակին, որոնցից 28-ը՝ միջազգային։ Այս տարի150 դիմորդների ընդհանուր քանակից մրցանակները շնորհվել են 31 անհատի»,- ասաց բարերարը։

Սփյուռքահայ բարերարի խոսքով՝ պետական պարգևներին և պետական մրցանակներին վերաբերող փոփոխություններից ելնելով ՀՀ նախագահի մրցանակը անվանափոխվել է «Պողոսյան մրցանակ՝ ՀՀ նախագահի հովանավորությամբ»։

«Այսօրինակ զարգացումը կնպաստի մրցանակի կարևորության աճին և նոր հորիզոնները կսահմանի՝ միջազգային ասպարեզ դուրս գալու տեսանկյունից»,- ասաց Պողոսյանը։

Ըստ լիբանանահայ բարերարի՝ այսօր մրցանակներ է հանձնել նրանց, ովքեր տքնաջան աշխատանքով և նվիրումով հասել են իրենց նպատակներին։

«Այս նվաճումները հնարավոր դարձան, որովհետև բոլոր հաղթողները ստանդարտները բարձր են պահել իրենց երազանքին հասնելու և անհնարինն անելու համար»,- ասաց Պողոսյանը՝ հավելելով, որ մրցանկակիրների փորձը կարող է օրինակ ծառայել մյուսներին։

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մեծ պատիվ է համարում ներկա գնտվելու «Պողոսյան մրցանակների» հանձնման արարողությանը։ Նախագահը կարևորեց երկար տարիների վաստակ և բարձր որակավորում ունեցող գիտնականներին, մշակույթի և արվեստի գործիչներին մրցանակներ տալը։

«Նախ և առաջ էական է և կարևոր, որ այս մրցանակը գործել է 19 տարի և շարունակական պատմություն է ունեցել, քաջալերել է մեր շատ գիտնականների, մշակույթի և արվեստի գործիչների, որպեսզի շարունակեն իրենց գործը, անկախ նրանից, թե ինչպիսի պայմաններում են ապրում այսօր, շարունակեն ստեղծագործել տարբեր ոլորտներում»,- ընդգծեց նախագահը։

Նախագահը հայ ժողովրդին համարում է ստեղծագործ ժողովուրդ և կարծում է, որ քաջալերման և գնահատման իմաստով այս մրցանակը 19 տարի հոյակապ աշխատանք է կատարել։

«Պողոսյան մրցանակը» բաղկացած է 10 հազար ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամից, վկայագրից և մեդալից։ Մրցանակի կարգախոսը՝ «Արժևորելով միտքն ու համառությունը», ամփոփում է մրցանակի հիմնական գաղափարը՝ ստեղծագործ մտքի և համառությամբ ձեռք բերված նվաճումների արժևորումը։

«Պողոսյան  հիմնադրամը» ստեղծվել է 1992 թվականի լիբանանահայ գործարարներ Ռոբերտ Պողոսյանի և նրա երկու որդիներ Ժան և Ալբերտ Պողոսյանների նախաձեռնությամբ՝ Եվրոպայում, Միջին Արևելքում, Հայաստանում հասարակական, մշակութային և կրթական զարգացումը քաջարելելու նպատակով։