154 դիտում, 2020.09.22 13:25

Համալիր սոցիալական ծառայության աշխատակիցների աշխատավարձերն ավելի բարձր կլինեն

Համալիր սոցիալական ծառայության աշխատակիցների աշխատավարձերն ավելի բարձր կլինեն

Համալիր սոցիալական ծառայության աշխատակիցներն ավելի բարձր աշխատավարձ կստանան, քան մինչ այդ ստանում էին  նախկին կառուցվածով մարմիններում՝ օրինակ զբաղվածության պետական գրասենյակներում, մարզային ենթակայության սոցիալական աջակցության գործակալություններում, համայնքային ենթակայության սոցիալական աջակցության բաժիններում աշխատելիս: Սակայն, դրան զուգահեռ, կլինեն նաև կրճատումներ: Այս մասին ասաց  ՀՀ աշխաանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամկոչյանը՝  ԱԺ-ում «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկմանը՝ պատասխանելով ԲՀԿ-ից Միքայել Մելքումյանի հարցին:

«Այդ բոլոր մարմիններում այս պահին 1 825 հաստիք կա՝ ներառյալ նախարարության հաստիքները: Բարեփոխման արդյունքում ունենալու ենք շուրջ 135 հաստիքի կրճատում, մնալու է  1 690 հաստիք՝ ներառյալ նախարարության և սոցիալական ապահովության ծառայության հաստիքները, իսկ բուն համալիր սոցիալական ծառայության հաստիքակազմը կլինի մոտ 1 130»,- ասաց Ժամկոչյանը:

Միքայել Մելքումյանը նկատեց՝ հաստիքների կրճատում է լինելու, հետաքրքրվեց, թե միջին աշխատավարձը որքան է լինելու, որ հասկանան, թե մարդկանց գործունեությունը կապ ունի՞, արդյոք, մատուցվող ծառայությունների որակի հետ: Նա շեշտեց՝ բարեփոխման նպատակը պետք է լինի ծառայությունների որակը լավացնելը:

Ժամկոչյանն արձագանքեց՝ արդյունքում աշխատավարձերը կբարձրանան, իրենք այդպես են նախատեսել բարեփոխումը: «Բայց միայն աշխատավարձը չէ գործոնը: Նախատեսվում է գործառույթների փոփոխություն, տեղեկատվական համակարգերի բարեփոխում և թափանցիկության, ստուգման, վերահսկողության մեխանիզմների ներդրում»,- նշեց նա: