220 դիտում, 2020.09.22 15:39

Միջուկային էներգիան առանցքային տեղ է զբաղեցնում Հայաստանի էներգետիկայի զարգացման ծրագրում. Պապիկյան

Միջուկային էներգիան առանցքային տեղ է զբաղեցնում Հայաստանի էներգետիկայի զարգացման ծրագրում. Պապիկյան

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցում է Վիեննայում սեպտեմբերի 21-ից 25-ն անցկացվող Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) Գլխավոր համաժողովի 64-րդ նստաշրջանի աշխատանքներին: Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նախարար Պապիկյանը  համաժողովի շրջանակում սեպտեմբերի 21-ին հանդես է եկել ելույթով: Իր ելույթում նախարարը բարձր է գնահատել ԱԷՄԳ օգնությունը՝ գործակալության գործունեության հիմնական ոլորտներին աջակցելու և  COVID-19 համավարակի դեմ պայքարում երկրներին օժանդակություն ցուցաբերելու գործում:

«Այս առումով կցանկանայի ընդգծել անդամ երկրներին ցուցաբերվող օժանդակությունը՝ ատոմային էլեկտրակայանների շարունակական և անվտանգ շահագործումն ապահովելու համար: Երախտապարտ ենք նաև գլխավոր տնօրենին և ԱԷՄԳ քարտուղարությանը` ավելի քան 120 երկրներին, այդ թվում նաև Հայաստանին տրամադրված ախտորոշիչ սարքերի և նյութերի տեսքով տեխնիկական օժանդակության համար, որն ուժեղացրեց համաճարակի դեմ պայքարի կարողությունները այդ երկրներում»,-նշել է Սուրեն Պապիկյանը: 

Նախարարն  իր մտահոգություն է հայտնել Հայկական ԱԷԿ-ի նկատմամբ Ադրբեջանի կողմից հնչեցված սպառնալիքի վերաբերյալ, նշելով, որ Հայաստանը դիտարկում է այն որպես իրական սպառնալիք, ներկաների ուշադրությունը հրավիրելով այն փաստին, որ  առաջին անգամ ատոմակայանի անվտանգությանն ուղղված իրական սպառնալիքը գալիս է ոչ թե ահաբեկչական կազմակերպության, այլ պետության անունից` վերջինիս պաշտոնական ներկայացուցչի միջոցով: «Հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան ուղղությամբ զինված բախումների ժամանակ Ադրբեջանի ՊՆ պաշտոնական ներկայացուցչի կողմից բարձրացված Մեծամորի ատոմակայանին հարված հասցնելու սպառնալիքը ոչ այլ ինչ է, քան մարդկության դեմ ուղղված հանցագործություն և պետք է համապատասխան արձագանք ստանա միջազգային հանրության կողմից: Հայաստանը կշարունակի գործադրել բոլոր հնարավոր ջանքերը ապագայում նման սպառնալիքները կանխելու ուղղությամբ»,-ելույթում ասել է նախարարը։

Սուրեն Պապիկյանն  անդրադարձ է կատարել Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման հարցին` շեշտելով, որ միջուկային էներգիան առանցքային տեղ է զբաղեցնում Հայաստանի էներգետիկայի զարգացման ծրագրում։ «Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարացնելու որոշումը կայացվել է մանրազնին վերլուծությունից հետո: Միևնույն ժամանակ, մենք խնդիր ենք դրել ապահովել ՀԱԷԿ-ի հետագա գործունեության անվտանգության բարձր մակարդակ և հուսալիություն: Ծրագրի արդյունավետ իրականացումն ապահովելու համար Հայաստանը ակտիվորեն օգտագործում է ԱԷՄԳ խորհրդատվական և գնահատման առաքելությունների հնարավորությունները»,-հավաստիացրել է Սուրեն Պապիկյանը:

Ավարտելով ելույթը, նախարարն ընդգծել է, որ Հայաստանը խորապես գնահատում է գործակալության գործունեությունը և վերջինիս աջակցությունը Հայաստանին:

Համաժողովի շրջանակում Սուրեն Պապիկյանը  սեպտեմբերի 21-ին հանդիպել է նաև  ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսսիի հետ: Նախարարը  կարևորել է Հայաստանի և ԱԷՄԳ-ի համագործակցության հետագա զարգացումը, ինչպես նաև ԱԷՄԳ-ի կողմից Հայաստանում իրականացնող ծրագրերի շարունակականության ապահովումը:  «Հայկական ատոմային էլեկտրակայանի նախագծային շահագործման ժամկետի երկարացման ծրագիրը գտնվում է ՀՀ կառավարության խիստ ուշադրության ներքո և կատարվում է ԱԷՄ գործակալության պահանջների և կանոնակարգերի խստիվ պահպանմամբ: Հայաստանի համար Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունն առանձնահատուկ նշանակություն ունի որպես ատոմային էլեկտրակայան շահագործող երկիր»,- նշել է նախարար Պապիկյանը` ԱՄԷԳ գլխավոր տնօրեն Գրոսսիին հրավիրելով  Հայաստան։

Նախարարը հանդիպում է  ունեցել նաև ՌԴ ՌՈՍԱՏՈՄ պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի հետ: Կողմերը   քննարկել են Հայկական ԱԷԿ-ի գործող էներգաբլոկի նախագծային շահագործման ծրագրի ընթացքին վերաբերող հարցեր:

ԱԷՄԳ-ի Գլխավոր Կոնֆերանսը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տարվա ամփոփիչ և կարևոր իրադարձությունն է: Նստաշրջանի ընթացքում քննարկվում են ատոմային էներգետիկայի բնագավառում նոր զարգացումները և իրադարձությունները, ինչպես նաև միջուկային էլեկտրակայանների անվտանգ շահագործման և դրանց անվտանգության մակարդակի բարձրացման հետ կապված հարցեր: Կազմակերպության անդամ յուրաքանչյուր երկիր ներկայացնում է հաշվետու ժամանակաշրջանում կատարված աշխատանքների վերաբերյալ զեկույց:

1993թ.-ից Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության լիիրավ անդամ: Կազմակերպությանը անդամակցումեն 171 երկիր: