Թուրքիան շարունակում է արձագանքել Ղարաբաղյան հակամարտության նույնիսկ բավական մանր դրվագի, չնայած Հայաստանն ու աշխարհի տարբեր երկրներ բազմիցս հորդորել են չփորձել ուղղակի կամ անուղղակի դերակատարում ունենալ այս կամ այլ հակամարտությանը:
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը իր պաշտոնական թվիթերյան էջում գրառում է կատարել, որտեղ անդրադարձել է Թովուզի շրջանում հրադադարի խախտման հետեւանքով Ադրբեջանի զինվորի ոչնչացմանը: Անկարան նախազգուշացրել է Երեւանին չխաղալ կրակի հետ:
Պաշտպանության նախարարության գրառման վերաբերյալ ուշագրավ փաստ է արձանագրել թյուրքագետ Վարուժան Գեղամյանը: Մասնավորապես՝ տեքստում ադրբեջանցի զինվորին անդրադառնելիս նշվում է ադրբեջանական «մեր» հերոս զինվորը: Ադրբեջանցի զինվորին մեր կոչելը, ինչպես նաեւ այս դեպքին անդրադառնալը, թուրքագետի խոսքով, վկայում են Թուրքիայում պետական մակարդակով հռետորաբանության փոփոխության մասին:
Տեղեկացնենք նաեւ, որ «Թվիթերում» առանձին գրառում է արել նաեւ արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն: Նա էլ կոչ է արել Հայաստանին «խելքի գալ» ու հիշեցրել, որ միշտ Ադրբեջանի կողքին են: Ստացվում է, որ մեր երկու հարեւանները հետեւողականորեն շարունակում են Հայաստանին ներկայացնել որպես ագրեսոր ու պատերազմ հրահրող երկիր: