կարևոր
1254 դիտում, 2 տարի առաջ - 2020-09-21 15:18

Սաքունց եղբայրները Հայաստանի անկախության օրվան նվիրված երկու ռեկորդ են սահմանել

Հայաստանի Հանրապետության անկախության օրն այսօր նշանավորվեց ևս մեկ կարևոր իրադարձությամբ։ Գինեսի ռեկորդակիրներ Սաքունց եղբայրները սահմանեցին համաշխարհային նոր ռեկորդ։ Շահումյանի անվան հրապարակում Յուրի Սաքունցը 4.5 տոննա քաշ ունեցող մեքենան ատամներով բռնած ճոպանը քաշեց մինչև 3 մետր, իսկ եղբայրը՝ Արթուր Սաքունցը ատամներով ճոպանը բռնած քաշեց 14 տոննա քաշ ունեցող մեքենա։

«Շրջանցեցի ադրբեջանցի մարզիկին, որը նույն ռեկորդը կատարել է յոթ տարի առաջ 1.5-2 տոննա քաշ ունեցող մեքենա էր տեղաշարժել։ Կփորձեմ ավելի բարելավել ռեկորդները»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Յուրի Սաքունցը։

Աշխարհի կրկնակի չեմպիոն Յուրի Սաքունցը 6 տարեկանից մարզվում է։ Սպորտի ոլորտում առաջին քայլերը կատարել է իր հայրիկի մոտ, ով ըմբշամարտի աշխարհի չեմպիոն է։ Զբաղվել է ազատ ըմբշամարտով, բայց վնասվածք ստանալուց հետո սկսել է ռեկորդներ սահմանել։ 16 տարեկանում ճկույթով քաշել է 3 տոննա քաշ ունեցող մեքենա՝ սահմանելով իր առաջին ռեկորդը. «Մարզումներս արդյունավետ կազմակերպելու շնորհիվ ճկույթ մատով քաշել եմ 44 տոննա գնացք և այդ ռեկորդը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում»,-նշել է Յուրի Սաքունցը։

Տղաները նոր ռեկորդ սահմանելուց հետո պարգևատրվեցին Աղբյուր Սերոբի և Գևորգ Չավուշի մեդալներով։ Եղբայրները կշարունակեն մարզումները՝ փորձելով սահմանել նոր ռեկորդներ. «Էքստրեմալ ռեկորդների սիրահար եմ և տարբեր ձևի ռեկորդներ եմ սահմանում։ Եթե հաջողվի, կփորձեմ ճկույթով քաշել 70 տոննա քաշ ունեցող գնացք»,-հավելել է Յուրի Սաքունցը։