1858 դիտում, 2020.09.21 23:36

Հայտնի է «Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխության գլխավոր մրցանակակիրի անունը

Հայտնի է «Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխության գլխավոր մրցանակակիրի անունը

Հայաստանի Հանրապետության անկախության 29-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Զվարթնոց տաճարում անցկացվող «Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխության գլխավոր մրցանակին արժանացավ խաղալիքների արտադրությամբ զբաղվող «Markos toys» ընկերության հիմնադիր Սևակ Մարկոսյանը, ում մրցանակը հանձնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ակնհայտ է, որ տարվա օրացույցում մի շատ կարևոր իրադարձություն է հայտնվել, ի դեմս «Մեր ժամանակի հերոս»-ը մրցանակաբաշխության: Հիմա վստահ եմ, որ մենք բոլորս սպասելու ենք ամեն տարի այս օրվան՝ մեր ժամանակների հերոսներին փառաբանելու համար: Այսօրվա միջոցառումը սկսվեց ընդգծմամբ, որ այս տարվա իրական հերոսները մեր զինվորներն են ու բժիշկները: Շատ խորհրդանշական է, որ այս տարի իմ առաջարկով և հանրապետության նախագահի հրամանագրերով Զինված ուժերի կապիտան Ռուբեն Սանամյանը և վաստակաշատ բժիշկ Հրայր Հովակիմյանն արժանացան Հայաստանի Հանրապետության Ազգային հերոսի կոչման: Եվ դրանով այս տարվա խորհուրդն իսկապես ամբողջացավ: Մենք փառաբանում ենք մեր ժամանակների հերոսներին, մենք դրանով փառաբանում ենք մարդու, քաղաքացու ստեղծարար ներուժը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը նշեց, որ մրցանակաբաշխության շատ հերոսներ արժանի են գլխավոր մրցանակին, սակայն այսօր դրան արժանանում է «Markos toys» ընկերության հիմնադիր Սևակ Մարկոսյանը: Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ իրենց մրցանակը ստանալով՝ հերոսները շնորհակալություն են հայտնում կառավարությանը: Իրականում կառավարությունն է շնորհակալ այդ մարդկանց, որովհետև նրանք իրենց գործունեությամբ ապացուցում են, որ այն ինչի մասին  ասվում է, դա հնարավոր և իրական:

«Մենք խոսում ենք անհատական ջանքի շրջադարձային նշանակության մասին: Մենք խոսում ենք այն մասին, որ յուրաքանչյուր մարդ կարող է կերտել իր միջավայրը, բարեկեցությունը։ Իհարկե, այստեղ կառավարության դերն առանցքային է և կառավարությունը պետք է կարողանա քաջալերել մեր ժամանակների հերոսներին: Բոլորն արժանի են գլխավոր մրցանակի, բայց մենք մտածում էինք, թե ինչ առանձնահատություն պետք է ունենա գլխավոր մրցանակակիրը: Կարծում եմ, որ այդ առանձնահատկությունը հետևյալն է՝ մեր գլխավոր հերոսը զարմանալի հետևողականություն է ցուցաբերել իր կյանքը փոխելու հարցում: Նա որոշել է գնալ ստեղծագործական երջանկության հետևից և որոշել է ստեղծել խաղալիքներ երեխաների համար: Այնպիսի խաղալիքներ, որ նրանց կսովորեցնի կառուցել, ստեղծել, արարել»,-հավելեց վարչապետը:

Պատմելով իր գործունեության մասին՝ Սևակ Մարկոսյանը նշեց, որ իր ստեղծած խաղալիքը ոչ միայն նրա համար է, որ երեխային սովորեցնի կառուցել, այլ Հայաստանի սահմաններից դուրս գտնվող հայ փոքրիկներին կհիշեցնի իրենց Հայրենիքի մասին:

«Ինձ համար հերոսներ են նրանք, ովքեր ճանապարհ են հարթել անկախություն ձեռ բերելու համար, իրենց կյանքն են նվիրել մեր Հայրենիքի, մեր երկու անկախ պետությունների ներկայիս սահմանների համար: Հերոս են բոլոր նրանք, ովքեր անառիկ են պահում մեր սահմանները: Մենք ընդամենը թիկունք ենք ապահովում, և ջանք ու եռանդ չենք խնայելու այդ թիկունքը որքան հնարավոր է ամուր պահելու համար»,-ասաց Սևակ Մարկոսյանը

«Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխության շրջանակում գնահատվում ու արժևորվում են այն քաղաքացիները, որոնք իրենց ուժերով հիմնել են սեփական գործ, ստեղծել են բիզնես՝ ապագան կապելով Հայաստանի հետ:

Ավելի վաղ, վարչապետ Փաշինյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել էր, որ արդեն երկրորդ տարին Անկախության օրը կնշվի՝ մեծարելով ՀՀ քաղաքացուն: Միջոցառումն ուղեկցվում է երաժշտական ծրագրով: