կարևոր
1110 դիտում, 1 տարի առաջ - 2020-09-21 11:54

Մաղթանքս է` մեր երկիրը հաղթանակներ տանի բոլոր ոլորտներում. շնորհավորում են մարզիկները

Մաղթանքս է` մեր երկիրը հաղթանակներ տանի բոլոր ոլորտներում. շնորհավորում են մարզիկները

Սպորտն այն քիչ ասպարեզներից մեկն է, որն առավել արագ է երկիրը ճանաչելի դարձնում աշխարհով մեկ, սպորտն այն քիչ միջոցներից է, որտեղ երկրի մասին կարծիք են կազմում նաև մարզիկների գրանցած արդյունքներով:

Անկախ Հայաստանը պաշտոնապես ունի միայն երկու օլիմպիական չեմպիոն: Հունահռոմեական ոճի ըմբիշ Արմեն Նազարյանն առաջին էր, ով տիրացավ բաղձալի ոսկուն 1996 թվականին և միայն 20 տարի անց նույն մարզաձևից Հայաստանի համար ոսկե մեդալ նվաճեց Արթուր Ալեքսանյանը:

Արթուր Ալեքսանյանը շնորհավորել է Հայաստանի անկախության հռչակման 29-ամյակի առիթով. «Բոլորիս շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ։ Մաղթանքս է, որ մեր երկիրը շատ ուժեղանա ու հաղթանակներ տանի բոլոր ոլորտներում։ Մենք էլ Հայաստան անունը պահենք շատ բարձր»,- ասել է նա:

Համաշխարհային սպորտում, հատկապես շախմատում Հայաստանն իր ուրույն տեղն ունի արդեն երկար տարիներ: Հայ գրոսմայստերները բազմից ստիպել են շախմատային ընտանիքի մյուս անդամներին հաշվի նստել Հայաստանի ընտրանու անդամների հետ, այն հավաքականի, որը երեք անգամ դարձել է շախմատային օլիմպիադայի հաղթող և մեկ անգամ էլ աշխարհի թիմային առաջնության չեմպիոն:

Այժմ այդ հավաքականի վաղվա օրը կապվում է հայկական շախմատի հեռանկարային շախմատիստներից մեկի` Հայկ Մարտիրոսյանի հետ: Հայկ Մարտիրոսյանը ևս շնորհավորել է երկրի Անկախության տոնը.

«1991 թվականի սեպտեմբերի 21-ը հայ ժողովրդի երազանքների իրականացման բաղձալի օրն է. ունենք անկախ, ազատ Հայաստան։ Այդ կապակցությամբ ես հայ շախմատիստների անունից շնորհավորում եմ մեր հայ ժողովրդին։ Ցանկանում կայուն խաղաղություն, նորանոր հաջողություններ և ստեղծագործ մտքի վերելքներ։ Շնորհավոր անկախությանդ օրը, իմ հայ ժողովուրդ»:

Հայաստանի անկախության 29-րդ տարեդարձի առիթով շնորհավորանքի խոսք ասել է նաև  Հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը.

«Ցանկանում եմ շնորհավորել կարևորագույն տոնի՝ անկախության օրվա կապակցությամբ՝ անելով մի քանի հարցադրումներ. Ի՞նչ է անկախությունը և ի՞նչ է այն մեզ տալիս։ Արդյոք այս տարիների ընթացքում ամբողջությամբ գիտակցե՞լ ենք դրա նշանակությունն ու խորությունը։ Արդյոք յուրաքանչյուրս անու՞մ ենք անհրաժեշտ քայլեր այն ավելի ամրապնդելու և զարգացնելու ուղղությամբ։ Հարցեր,որոնց շուրջ պետք է լրջորեն խորհել և եզրահանգումներ անել։ Մինչև չգնահատենք մեր ունեցածը,չենք կարողանա զարգացնել այն։ Շնորհավոր սեպտեմբերի 21՝ դարեր շարունակ պայքարի արդյունքում ձեռք բերված այս պատմական օրը»,- նշել է Ջուլֆալակյանը:

Հայաստանի երրորդ Հանրապետությունը սեպտեմբերի 21-ին նշում է անկախության 29-րդ տարեդարձը: 29 տարի առաջ հայ ժողովուրդը հանրաքվեի միջոցով իր վճռական «այո»-ն ասաց Հայաստանի անկախությանը: Հայաստանի չափահաս բնակչության 95% մասնակցության պարագայում ընտրողների 99.5%-ը «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի ժողովրդավարական անկախ պետություն` ԽՍՀՄ կազմից դուրս» հարցին դրական պատասխան տվեց: Երկու օր անց` սեպտեմբերի 23-ին, երկրի Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան հանրապետություն: