250 դիտում, 2020.09.20 20:43

Որո՞նք են ԵՄ ներքին և արտաքին գերակայություններն այսօր

Որո՞նք են ԵՄ ներքին և արտաքին գերակայություններն այսօր

Եվրոպական Հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը օրերս հանդես է եկել «Միության վիճակը ներկայացնող» (State of the Union speech) իր առաջին ելույթով, որում ամփոփել է Հանձնաժողովի պաշտոնավարման առաջին տարին և անդրադարձել ԵՄ արտաքին ու ներքին քաղաքական առանցքային հարցերին։ Այս ելույթը հատկապես կարևոր էր ԵՄ ապագայի վերաբերյալ միության ղեկավարության տեսլականի ներկայացման, այս պահին միության ներսում խնդրահարույց համարվող շատ հարցերի մասին նրա դիրքորոշման հստակեցման տեսանկյունից։ 79 րոպե տևած ելույթում Ուրսուլա ֆոն դեր Լյայենն անդրադարձել է ԵՄ ներքին օրակարգում մեծ կարևորություն ներկայացնող այնպիսի հարցերի, ինչպիսիք են կլիմայական ոլորտի բարեփոխումները, միգրացիոն հիմնախնդիրը, տեխնոլոգիական ոլորտի զարգացումը, կորոնավիրուսի դեմ պայքարն, ինչպես նաև արտաքին քաղաքական ոլորտի խնդիրների (Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, Բելառուսի նախագահական ընտրությունները, Բրեքսիթի գործընթացում զարգացումները և այլն):

 Ներքին հիմնախնդիրներ

 Խոսելով ԵՄ ներքին օրակարգի առանցքային հիմնախնդիրների մասին՝ Ուրսուլա ֆոն դեր Լյայենն անդրադարձել է հիմնականում սոցիալական բնույթի խնդիրներին, սակայն հիմնական ուշադրությունը հատկացրել է հատկապես ԵՄ-ում կորոնավիրուսի համավարակի տարածմանը և դրանով պայմանավորված տնտեսական խնդիրների հաղթահարման կարևորությանը։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել 750 միլիարդ եվրո արժողությամբ վերականգնողական պլանի ընդունմանը և այդ ֆոնդի հավաքագրման համար նոր հարկերի ներդրմանը։ Հատկանշական է, որ Եվրոպական խորհրդարանն արդեն իսկ քվեարկել է նոր հարկային եկամուտների սահմանման օգտին. հարկեր են սահմանվելու չվերամշակված պլաստիկի և կլիմայական բարեփոխումների համար ցածր ստանդարտներ սահմանած երկրներից դեպի ԵՄ ներմուծվող ապրանքների նկատմամբ։ Կորոնավիրուսի պատճառով ի հայտ եկած խնդիրների համատեքստում Հանձնաժողովի նախագահի կողմից կարևորվել է առողջապահության ոլորտում նոր նախաձեռնությունների իրականացումը (օրինակ՝ 2021թ. գլոբալ առողջապահական գագաթաժողովի անցկացում Իտալիայում), տեխնոլոգիական ոլորտում առաջընթացի գրանցումը (խոսքը վերաբերում է հատկապես թվային տեխնոլոգիաների զարգացմանը և անձնական տվյալների հետ աշխատանքի մեխանիզմների ներդրմանը)։ Հատկանշական է, որ վերականգնողական պլանի միջոցների 20%-ն ուղղվելու է հենց թվային ոլորտում ծրագրերի իրականացմանը։ Կարևոր է շեշտել, որ այս ուղղությամբ հաջողություններ գրանցելու ԵՄ ձգտումը պայմանավորված է ոչ միայն կորոնավիրուսի պատճառով առաջացած խնդիրներով, այլև ԱՄՆ-ից և Չինաստանից  «հետ չմնալու» ցանկությամբ, ինչն առավել քան տրամաբանական է տեխնոլոգիաների գլոբալ մրցավազքի պայմաններում։

Ուրսուլա ֆոն դեր Լյայենի կողմից բարձրաձայնված և ԵՄ օրակարգում կարևորագույն հարցերից է նաև կլիմայական բարեփոխումների խնդիրը, որի վերաբերյալ նախագահը հանդես է եկել կարևոր հայտարարությամբ՝ շեշտելով, որ ԵՄ-ն ձգտելու է արտանետումների քանակը մինչև 2030թ. կրճատել 55%-ով՝ նախկինում սահմանված 40% շեմի փոխարեն։ Այս մասով անդամ երկրները պետք է համաձայնություն ձեռք բերեն հոկտեմբեր ամսին, սակայն կա մտավախություն, որ Արևելյան Եվրոպայի որոշ երկրներ, որոնք էներգետիկ առումով մեծ կախվածություն ունեն ածխից, կարող են դիմադրություն ցույց տալ ԵՄ այս «հավակնոտ» նպատակադրմանը։ Կարևոր է շեշտել նաև, որ ԵՄ վերականգնողական պլանի միջոցների 30%-ը հատկացվելու է բնապահպանական ծրագրերի իրականացմանը, ինչը նույնպես վկայում է ոլորտի առաջնային կարևորության մասին։

Եվրոպական Հանձնաժողովի նախագահն անդրադարձել է նաև ԵՄ ամենազգայուն հարցին՝ միգրացիոն հիմնախնդրին, որի շուրջ վերջին շաբաթվա ընթացքում քննարկումները կրկին ակտիվացել են Հունաստանի Լեսբոս կղզում  տեղակայված փախստականների ճամբարում բռնկված հրդեհի պատճառով։ Այս խնդրի հետ կապված Եվրոպական Հանձնաժողովը սեպտեմբերի վերջին կներկայացնի միգրացիոն հիմնախնդրի ուղղությամբ իր բարեփոխումների նախագիծը, ըստ որի՝ ներդրվելու են ապաստան հայցողների վերաբաշխման նոր մեխանիզմներ, սահմաններին առավել խիստ վերահսկողություն է սահմանվելու, վերանայվելու է ապաստան հայցողների դիմումների համար երկրների պատասխանատվության աստիճանը։ Հատկանշական է, որ ներկայումս ԵՄ-ում առավել հաճախ կիրառվող չափորոշիչն այն է, որ միության այն անդամ երկիրն է պատասխանատու ապաստան հայցողի հայցի քննության համար, որտեղ առաջին անգամ մուտք է գործել տվյալ միգրանտը։ Այս առնչությամբ հարավային սահմանամերձ երկրները դժգոհում են իրենց վրա դրված «անարդար բեռից» և նշում, որ արևելյան եվրոպական երկրները ևս այս հարցում պետք է համերաշխություն ցուցաբերեն։

Արտաքին հիմնախնդիրներ

Անդրադառնալով արտաքին քաղաքական ճակատում առկա հիմնախնդիրներին՝ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը նշել է, որ ԵՄ-ն պետք է առավել ակտիվ արտաքին քաղաքականություն վարի և գլոբալ հարցերին ավելի արագ արձագանքի։ Հանձնաժողովի նախագահի ելույթում առանցքային տեղ է զբաղեցրել աշխարհում մարդու իրավունքների ոտնահարման խնդիրը և ԵՄ կողմից այս ուղղությամբ աշխատանքներ իրականացնելու կարևորությունը։ Սա պայմանավորված էր ինչպես Բելառուսի նախագահական ընտրություններից հետո Մինսկում տեղի ունեցող բողոքի ակցիաներով, այնպես էլ Մոսկվայում ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու թունավորման և Հոնկոնգում մարդու իրավունքների ոտնահարումներումների խնդրով։ Այս համատեքստում այժմ Եվրոպայում քննարկվում է «եվրոպական Մագնիտսկու ակտի» ընդունումը, որով պատժամիջոցներ կսահմանվեն այն երկրների կամ անձանց նկատմամբ, որոնք ոտնահարում են մարդու իրավունքներն աշխարհում։

Իր ելույթում Հանձնաժողովի նախագահն անդրադարձ է կատարել նաև Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում Թուրքիայի գործողություններին՝ նշելով, որ Թուրքիան կարևոր հարևան է, սակայն ոչ մի արդարացում չի կարող ընդունելի լինել հարևանների նկատմամբ նման անընդունելի գործողությունների համար:

Լյայենը, խոսելով Բրեքսիթի գործընթացի մասին, շեշտել է, որ կողմերի միջև համաձայնագիրը չի կարող միակողմանիորեն փոխվել, և դա միության համար անթույլատրելի է: Գործընթացը ճգնաժամային փուլում է այն բանից հետո, երբ վարչապետ Բորիս Ջոնսոնը ներքին շուկայի մասին նոր օրինագիծ է ներկայացրել, որը կխաթարի ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու համաձայնագիրը:

Ամփոփելով, նշենք, որ Եվրոպական Հանձնաժողովի նախագահի այս ելույթը հիմնականում միտված էր ԵՄ օրակարգում առկա խնդիրները վերհանելու և դրանց շուրջ միության անդամ բոլոր երկրների միասնական աշխատանքի անհրաժեշտությունն ընդգծելուն։ Հարկ է նշել, որ վերջին շրջանում, հատկապես կորոնավիրուսի հետևանքով առաջացած խնդիրների պայմաններում, ԵՄ անդամների համար կոնսենսուսային որոշումների ընդունումը զգալիորեն բարդացել է, ինչը պայմանավորված է նրանց միջև առկա հակասություններով և տարակարծություններով։ Հատկանշական է, որ  Լյայենը ևս իր խոսքում անդրադարձ է կատարել այդ խնդրին՝ նշելով որոշումների կայացման գործընթացում որակյալ մեծամասնության քվեարկության անցնելու անհրաժեշտությունը։ Մյուս կողմից՝ Եվրոպական Հանձնաժողովի նախագահի այս ելույթը կարևոր էր ԵՄ կողմից առավել ակտիվ և նախաձեռնողական արտաքին քաղաքականություն վարելու անհրաժեշտության ընդգծմամբ, ինչի Լյայենը խոսում է դեռ Հանձնաժողովի նախագահի պաշտոնը ստանձնելիս։