188 դիտում, 2020.09.19 22:41

Աբրահամ Լինկոլնի մազափունջը 81 հազար դոլարով վաճառվել է ԱՄՆ-ի աճուրդում

Աբրահամ Լինկոլնի մազափունջը 81 հազար դոլարով վաճառվել է ԱՄՆ-ի աճուրդում

ԱՄՆ-ի 16-րդ նախագահ Աբրահամ Լինկոլնի (1809-1865) մազափունջը 81 հազար դոլարով վաճառվել է Միացյալ Նահանգներում կայացած աճուրդում: Այդ մասին սեպտեմբերի 13-ին հաղորդել է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով Բոստոնի RR Auction աճուրդային տան տվյալները: Աբրահամ Լինկոլնը գլխին կրակոցով մահացու վիրավորվել է 1865 թվականի ապրիլի 14-ին Վաշինգտոնի Ֆորդի թատրոնում, հաջորդ առավոտյան նա մահացել Է:

Սպանությունը կատարել է դերասան Ջոն Ուիլքս Բուտը: Հինգսանտիմետրանոց մազափունջը նախագահի գլխից կտրել է նրան զննած բժիշկը: Նա այն փաթաթել է երկրի պաշտպանական գերատեսչության հեռագրով, որտեղ ասված էր պետության ղեկավարի սպանության մասին, եւ դրա վրա գրել. «Ա. Լինկոլնի մազերը»:

Անցած հանգստյան օրերին կայացած աճուրդում լոտի գինը, որը ներառում էր Լինկոլնի մազերը՝ փաթաթված նրա սպանության մասին արյունոտված հեռագրով, փորձագետների գնահատումներով, պետք է հասներ 75 հազար դոլարի: Սակայն եզրափակիչ արժեքը գերազանցել է մասնագետների ակնկալիքները եւ կազմել 81 250 դոլար: Գնորդի անունը չեն հայտնում: