1316 դիտում, 2020.09.19 15:04

Հագուստը, որի վրա նկարում եմ, ինձ համար այդ պահին կտավ է․ Էլինե Պողոսյան

Հագուստը, որի վրա նկարում եմ, ինձ համար այդ պահին կտավ է․ Էլինե Պողոսյան

Էլինե Պողոսյանը մասնագիտությամբ լրագրող է, սակայն իր կյանքն առանց վրձնի և գույների չի պատկերացնում։ Yerkirmedia.am-ը զրուցել է երիտասարդ նկարչուհու հետ և փորձել բացահայտել՝ արդյո՞ք նրա ստեղծած «Pelya» ապրանքանիշն օգնում է իրականացնել իր վաղեմի երազանքը՝ մարդկանց սովորեցնել քայլել արվեստի հետ։

1․ Որտե՞ղ և ի՞նչ միջավայրում է ծնվել «Pelya»-ն ստեղծելու գաղափարը․

-Արվեստը կիրառական դարձնելու մտքեր վաղուց էին ծագել: Քչերը գիտեն, բայց Պէլյայից առաջ կավից զարդեր եմ պատրաստել, որոնց վրա աբստրակտ պատկերներ էի կերտում: Սակայն զգում էի, որ արձագանքը հիմնականում մեր սփյուռքի հայերինն էր, քանի որ այստեղ ձեռագործ զարդերի նախապատվությունն առավելապես հայկականինն է: Իսկ Պէլյայի գաղափարը ծագել է ստեղծելուց ընդամենը մեկ շաբաթ առաջ` տանը, իմ և քրոջս դիտարկման արդյունքում: Նախքան հագուստի վրա նկարելը, կտավներին ևս նկարում էի ու հիմա էլ շարունակում եմ նկարել, բայց խոսք բացվեց, որ լավ կլիներ հենց մարդկանց շնորհիվ արվեստը տարածել: Եվ առաջին միտքը «քայլող կտավներն» էին, որ մարդիկ քայլեն՝ իրենց հետ տարածելով բազմաբնույթ գեղանկարչական պատկերներ: Կարելի է ասել միանգամից սկսվեց` մտածեցի, որոշեցի և գործեցի: Պարզապես չեմ կարող որևէ մեկի մոտ աշխատել՝ պետք է պատասխանատվությունը թողնեի իմ երևակայության վրա և ունենայի «իմը»:

2․ Ներկայացրեք Ձեր անցած ճանապարհը, ինչպե՞ս կբնութագրեք Ձեր այսօրը․

-Ես սովորական ընտանիքից եմ, որտեղ աշխատում են բոլորը, և մանկուց տպավորվել է, որ ապրելու և այն էլ լավ ապրելու համար պետք է աշխատել: Դպրոցից հետո ընդունվեցի ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ, քանի որ ակտիվ բնույթիս և շփվող լինելուս համապատասխանում էր տվյալ մասնագիտությունը, իսկ ավելի կոնկրետ՝ երազում էի հաղորդավարուհի դառնալու մասին: Բայց մյուս կողմից էլ մանկուց սեր կար դեպի նկարչությունը ու մայրս ինձ ուղղորդում էր, որ ամեն դեպքում շարունակեմ այդ ուղղությամբ և ընդունվեմ գեղարվեստի ակադեմիա, բայց ես միշտ համառ եմ եղել: Բակալավրիատում, ի տարբերություն նույն ֆակուլտետի մագիստրատուրայի, որտեղ շարունակում եմ ուսումս, գերազանց չեմ սովորել. միայն այն առարկաներն էի լավ սովորում, որոնք սիրում էի: Ընդհանրապես, այսօր և առաջ շատ տարբեր էի. առաջ չէի ջանում ամեն ինչ անել գերազանց և ամեն բան հասցնել։ Ավելի անտարբեր էի միջավայրի հանդեպ, բայց հիմա պատկերն այլ է: Կարելի է ասել` օր օրի պերֆեկցիոնիզմի տարրեր են ավելանում, ինչը ստիպում է ամեն ինչում փորձել տալ մաքսիմալ լավ արդյունք: Նկարելիս այնքան եմ «տանջում» նկարը, մինչև այն կհամապատասխանի իմ պատկերացմանը: Եվ այսօր ես շատ եմ կենտրոնացել իմ գործի՝ նկարչության և ուսման ուղղությամբ. նպատակներս շատ-շատ են, և այն ինչ անում եմ, իսկապես սիրում եմ:

3․ Ո՞րն է այն առաջին գործը, որը համարել եք ստացված․

-Սա իմ ցավոտ կողմն է: Խիստ ինքնաքննադատ եմ և դեռևս չի եղել մի նկար կամ աշխատանք, որը կկարողանամ համարել ստացված: Կարելի է ասել ամենօրյա կտրվածքով նկարում եմ: Բայց այնուամենայնիվ մի փոքր ընդհանրացնելով կարծիքները, ստացված գործերից կառանձնացնեմ երկուսը` առաջինը վերնաշապիկ է, որի վրա պատկերել եմ Մունկի «Ճիչ» կտավը, իսկ երկրորդը հենց կտավ է, որն ամբողջապես իմ միտքն է «Դեղին կակաչներ» կտավս:

4․ Ինչի՞ վրա է այսօր կենտորնացած մեր հասարակությունը․ ընդունված և սիրված է արդյո՞ք արվեստի Ձեր ընտրած ճանապարհը․

-Պետք է ասեմ, որ հասարակությունը կոտրեց իմ այն մտավախությունը, որ արվեստը հետին պլանում է: Ես շատ ուրախ եմ, որ գտնվեցին մարդիկ, ովքեր իսկապես գնահատեցին աշխատանքս․ դա ինձ մեծ ուժ տվեց: Իսկ արվեստի այս ճանապարհը, միանշանակ, ընդունված է, քանի որ անգամ տեքստիլ նկարչության դասընթացներ կան, որտեղ կարող են մասնագիտանալ այս ուղղության մեջ: Ինչ վերաբերում է հենց նկարչությանը, լիահույս եմ, որ այն միշտ մնալու է ակտուալ՝ կյանքի ցանկացած փուլում և ցանկացած ժամանակահատվածում: Մի այսպիսի տենդենց եմ նկատել՝ մարդկանց մի զանգված կա, ովքեր իսկապես հոգնել են սովորական հագուստից, և ցանկանում են դիմել այլընտրանքային մոտեցման: Վերջինիս էլ միտված է իմ բրենդը: Այլընտրանքային մետեցում+արվեստ+ սեփական մտքի թռիչք. սա ինձ համար բանաձև է:

5․ Ձեր ընտրած ոլորտը, կարելի է ասել, օր-օրի լցվում է նորեկներով․ ո՞րն է տարբերվելու Ձեր գրավականը․

-Այո՛, դա այդպես է, օր օրի տեսնում եմ նորեկների, ինչը անխոս խրախուսելի է: Տարբերվելու համար նախ պետք է իրար չխառնվել, գիտակցել, որ յուրաքանչյուր արտադրանք ունենում է իր գնորդը, հետևաբար պետք է շեշտել քո ոճը: Վերջինս ինձ մոտ գեղանկարչական է, աբստրակտ, երբեմն նաև իմպրեսսիոնիստական տարրերով: Եթե օրինակ մեկը շատ լավ է կարողանում արտացոլել մանր դետալները, իսկ մյուսը մեծ պատկերները, ապա նրանք իրար մրցակից չեն, քանի որ սպառողներից մեկը սիրում է մանր դետալներ, մյուսը մեծ պատկերներ, մի մասն էլ գույներ, այն մեկն էլ սև ու սպիտակ պատկերներ: Այլ խնդիր է, երբ հանկարծակի տեսնում ես, որ քո միտքը պարզապես գողացել և ներկայացրել են յուրովի՝ իբրև իրենց սեփական մտքի թռիչք, սակայն այստեղ ևս խառնվել պետք չէ, քանի որ պետք է հիշել, որ այս դաշտը անվերահսկելի է, պետք է ընդհամենը զարգացնել սեփական ուժերը, և այդպիսով ձգտել ավելի բարդի, որպեսզի կրկնօրինակը իրականից զգալիորեն տարբերվի: Տարբերվելու համար ինձ համար ոճ եմ ստեղծել, և հագուստը, որի վրա նկարում եմ ինձ համար այդ պահին կտավ է, և ոչ թե հագուստ, հետևաբար անսահման ազատությունը և շեշտված վրձնահարվածները իմ մոտեցման գրավականն են: Մրցակցություն կա ցանկացած ոլորտում, բայց բոլոր տեղերում էլ մշտական պայքար ևս կա, և առաջնագծում կմնա նա, ով առավելապես շատ կաշխատի և կփորձի մնալ դաշտում:

6․ Արդյո՞ք չկա մտավախություն կամ անհանգստություն, որ բիզնեսը մեխանիկական կդարձնի ստեղծագործելու գործընթացը․

-Իհարկե՛: Կա երկու մտավախություն. մեկը ընդհանուրին ձուլվելու վտանգն է, մյուսն էլ կոմերցիոն նպատակներից ելնելով` ստեղծագործականը թուլացնելը ու բիզնեսին տրվելն է: Ինձ համար գտել եմ դա հաղթահարելու բանաձևը: Կտավներս այլևս չեմ վաճառում, քանի որ մի մեծ նպատակ ունեմ, իսկ հագուստը վաճառվում է: Կտավները ամբողջապես իմ երևակայությամբ են կերտվում, որ մշտապես ստեղծագործելու «առիթ» լինի: Փորձում եմ պատվիրատուների հետ համաձայնեցնել այդ դրույթը, որ ոճային առումով համապատասխանի իմ ուղղությանը և նկարեմ սիրով՝ հիմքում դնելով ստեղծագործականը, հետին պլանում թողնելով կոմերցիոնը, գոհացնելով առաջին հերթին հենց պատվիրատուին:

Նյութը պատրաստեց՝ Լիանա Ստեփանյանը