204 դիտում, 2020.09.18 21:27

Գլխավոր հարկադիր կատարողը խորհրդակցություն է անցկացրել Գեղարքունիքի մարզային բաժնում

Գլխավոր հարկադիր կատարողը խորհրդակցություն է անցկացրել Գեղարքունիքի մարզային բաժնում

Գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանը սեպտեմբերի 18-ին աշխատանքային այց է կատարել Ծառայության Գեղարքունիքի մարզային բաժին: Այս մասին հայտնում են Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից:

Գեղարքունիքի մարզային բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Սևակ Սիմոնյանի ուղեկցությամբ Ծառայության ղեկավար կազմը շրջայց է կատարել Սևանի բաժնում, ապա Մարտունի-Վարդենիս տարածաշրջանի բաժանմունքում, ծանոթացել շենքային պայմաններին, նյութատեխնիկական ապահովվածությանը, բաժնի աշխատանքների կազմակերպմանը և առկա խնդիրներին:

Խորհրդակցության ժամանակ Սերգեյ Մեղրյանն անդրադարձել է քաղաքացիների համար կենսական կարևորության խնդիրներին հրատապ լուծում տալու առաջնահերթության նպատակով Ծառայության կողմից նոր ձևավորված #Քո_Արգելանքը  արագ արձագանքման խմբի գործունեությանը՝ նշելով, որ այդ կերպ փորձ է արվել նվազեցնել գույքի նկատմամբ արգելանքի կիրառման գործընթացում քաղաքացիներին ու իրավաբանական անձանց պատճառվող անհարմարությունները, բարձրացնել սպասարկման որակը, ինչպես նաև սպասարկման կենտրոններում բացառել քաղաքացիների կուտակումները։

Գեղարքունիքի մարզային բաժնի պետը խորհրդակցության ժամանակ զեկուցել է կատարողական  վարույթների մասին, բաժնի գործունեությանն առնչվող այլ հարցեր։

Ծառայության բարեփոխումների արդյունավետ իրականացումն ապահովելու համար աշխատանքային հանդիպման ավարտին տրվել են հատուկ հանձնարարականներ: