258 դիտում, 2020.09.18 19:39

Հուլիսյան դեպքերից հետո սահմանին հակառակորդի ակտիվության ուժեղացում է նկատվում. Հայկ Չոբանյան

Հուլիսյան դեպքերից հետո սահմանին հակառակորդի ակտիվության ուժեղացում է նկատվում. Հայկ Չոբանյան

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի ակտիվությունը կապում է հայկական կողմի դիրքերն ամրապնդելու հետ: Այս մասին Չոբանյանն ասել է լրագրողների հետ զրույցում:

«Հուլիսյան դեպքերից հետո մենք սահմանին հակառակորդի ակտիվության ուժեղացում ենք նկատում: Մինչև հուլիսյան դեպքերը, հատկապես վերջին մեկ-մեկուկես տարին, հարաբերական անդորր էր, ու այդ առումով վերջին իրադարձությունները էական փոփոխություն են անցած իրավիճակի համեմատությամբ»,- ասել է Չոբանյանը։

Նա նշել է, որ հայկական կողմն ամրապնդել է սահմանային դիրքերն, ինչը, երևի թե, թշնամուն դուր չի գալիս։

«Փորձում են պրովոկացիաները շարունակել: Ցավոք, մենք հուլիսի 16-ին ունեցանք զոհ, որի համար ես ցավակցում եմ մեր ժողովրդին»,-ասել է մարզպետը։

Չոբանյանը շեշտել է, որ այդ դեպքը պետք է ամենակոշտ ձևով արձագանք ունենա, որովհետև մարդկային կյանքն ամենամեծ արժեքն է, որ մենք ունենք:

«Մենք թե ինժեներական, և թե տեխնոլոգիական առումով պետք է ամեն ինչ անենք, որպեսզի մեր զինվորների կյանքին սահմանի վրա վտանգ չսպառնա»,- եզրափակել է Չոբանյանը։