կարևոր
955 դիտում, 1 տարի առաջ - 2020-09-17 23:45

Լիբանանի ամենամեծ բանտում կորոնավիրուսով վարակման ավելի քան 200 դեպք է գրանցվել

Լիբանանի ամենամեծ բանտում կորոնավիրուսով վարակման ավելի քան 200 դեպք է գրանցվել

Լիբանանի ամենամեծ բանտում կորոնավիրուսով վարակման ավելի քան 200 դեպք է գրանցվել, հայտնել է բժիշկների արհմիության ղեկավար Շարաֆ Աբու Շարաֆը` կոչ անելով արագ դատավարություններ սկսել` բանտերի գերբծանրաբեռնվածությունը նվազեցնելու համար, հայտնում է AFP-ն:

«Ռումիե բանտում COVID-19-ով վարակամն ավելի քան 200 հաստատված դեպք կա»,- ասել է նա լրագրողներին Բեյրութում այն բանից հետո, երբ անցած հանգստյան օրերին իշխանություններն առաջին անգամ հայտարարեցին 22 դեպքի մասին:

Աբու Շարաֆը բանտարկյալներին է մեղադրել վարակի բռնկման մեջ` ասելով, որ նրանք չեն հետեւում անվտանգության կանոններին: Նա նաեւ կոչ է արել իշխանություններին արագացնել դատավարությունները` երկրում բանտերի գերբծանրաբեռնվածությունը նվազեցնելու համար:

Ռումիե բանտում ավելի քան 4000 դատապարտյալ կա, ինչը մոտ երեք անգամ գերազանցում է բանտի հնարավորությունները, եւ այն վաղուց արդեն հայտնի է իր վատ պայմաններով:

Շաբաթ օրն անվտանգության մարմիններն առաջին անգամ հայտարարեցին կորոնավիրուսի 22 դեպքի մասին: 

Ռումիեի բանտարկյալների հարազատները բողոքի ցույց են կազմակերպել Բեյրութի դատարանի շենքի առջեւ` պահանջելով համաներում հայտարարել` մտավախությունների պատճառով, որ համավարակը կարող է տարածվել բանտում:

Բեյրութի փաստաբանների միության ղեկավար Մելհեմ Խալաֆը բանտում կորոնավիրուսի բռնկումը «դանդաղ գործողության ռումբ» է անվանել:

Վերջին շաբաթների ընթացքում Covid-19-ով վարակման դեպքերն աճում են Լիբանանում, հատկապես` օգոստոսի 4-ին Բեյրութ նավահանգստում տեղի ունեցած զանգվածային պայթյունից հետո, որի արդյունքում ավելի քան 190 մարդ էր զոհվել:

Փետրվարից ի վեր Լիբանանում գրանցվել է Covid-19-ով վարակման 26 083 դեպք, այդ թվում` 259 մահվան դեպք: