18.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.79 -0.17 | |
GBP | 489.18 -1.95 | |
EUR | 412.81 -0.13 | |
GEL | 145.57 +0.52 | |
RUB | 6.83 +0.13 |
Միջազգային բազմաթիվ հեղինակավոր մրցանակակիրների դափնեկիրներ, օպերային երգչուհի Հասմիկ Գրիգորյանի և օպերային երգիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանի մասնակցությամբ համերգային ծրագրով Լիտվայում կնշեն Հայաստանի անկախության 30-ամյակը: Համերգը նվիրվում է նաև օպերային երգիչ, բեմադրիչ, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Գեղամ Գրիգորյանին, որը երգել է Լիտվայի օպերայի և բալետի ազգային թատրոնում:
lrt.lt-ն հայտնում է, որ Լիտվայի օպերայի և բալետի ազգային թատրոնի և Լիտվայում ՀՀ դեսպանության ջանքերով կազմակերպված համերգը տեղի կունենա սեպտեմբերի 18-ին Լիտվայի օպերային թատրոնում:
Լիտվայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանն ընդգծել է, որ տոնը կարևոր է Լիտվայի համար, քանի որ Լիտվան աշխարհում առաջինն է ճանաչել Հայաստանի անկախությունը, իսկ Հայաստանը Լիտվայի հետ հաստատել է առաջին դիվանագիտական հարաբերությունները:
Համերգին, որը վկայում է Հայաստանի և Լիտվայի բարեկամության մասին, հանդես կգա նաև տենոր Հովհաննես Այվազյանը, դիրիժոր Վարդան Գրիգորյանը: Երգիչներին նվագակցելու է օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը (գլխավոր դիրիժոր Ռիչարդս Շումիլա):
Հասմիկ Գրիգորյանը, որը Գեղամ Գրիգորյանի դուստրն է, խոստովանել է, որ, չնայած հայրն այլևս իր հետ չէ, տպավորություն է, թե բեմում միշտ իր կողքին է:
Հայաստանի Անկախության հռչակագիրն ընդունվել է 1990 թվականի օգոստոսի 23-ին Հայաստանի Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանում: Լիտվան դարձել է առաջին երկիրը, որը ճանաչել է Հայաստանի Հանրապետության անկախությունը: Դա տեղի է ունեցել 1991 թվականի օգոստոսի 14-ին։ Հայաստանի Հանրապետության և Լիտվայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1991 թվականի նոյեմբերի 21-ին: