կարևոր
1495 դիտում, 3 տարի առաջ - 2020-09-17 18:10

Նախագահ Սարգսյանը հանդիպել է «Դասո սիստեմս» ընկերության ղեկավարության հետ

Նախագահ Սարգսյանը հանդիպել է «Դասո սիստեմս» ընկերության ղեկավարության հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել ֆրանսիական հանրահայտ «Դասո սիստեմս» («Dassault Systèmes») ընկերության ղեկավարության հետ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ընկերության գործադիր փոխնախագահ Ֆլորենս Վերզըլենի ու փոխնախագահ Ժակ Բելտրանի, ընկերության կրթական ծրագրերի գլխավոր տնօրեն Քսավիե Ֆուրժեի և միջազգային համագործակցության գլխավոր տնօրեն, Հայաստանի հետ փոխգործակցության հարցերով պատասխանատու Մարիոն Միլոսևիչի հետ քննարկվել են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում «Դասո սիստեմս»-ի կողմից մշակված հատուկ կրթական ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել գիտատեխնոլոգիական և կրթական ոլորտներում Հայաստանի հետ համագործակցության զարգացմանն ու հեռանկարներին: Մասնավորապես քննարկվել են նախագահական ATOM (Advanced Tomorrow) նախաձեռնության շրջանակում գործակցության կոնկրետ ուղղությունները, հատկապես հեռանկարային են համարվել արհեստական բանականության, տվյալների կառավարման, մաթեմատիկական մոդելավորման և մի շարք այլ ոլորտներ:

Համաշխարհային տեխնոլոգիական առաջատարներից մեկի՝ «Dassault Group»-ի մեջ մտնող «Դասո սիստեմս»-ը մասնագիտացած է ռազմարդյունաբերական, ավիացիոն, տեղեկատվական տեխնոլոգիաների համակարգերի համար ծրագրային ապահովումների և տեխնոլոգիական նորարար լուծումների մշակման մեջ: