կարևոր
1309 դիտում, 2 տարի առաջ - 2020-09-17 17:54

Քննչական կոմիտեում պաշտոնի իրավունք կստանան նաև օրենքով զինծառայությունից ազատված անձինք

Քննչական կոմիտեում պաշտոնի իրավունք կստանան նաև օրենքով զինծառայությունից ազատված անձինք

Կառավարությունը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել օրենքի նախագիծ, որով, ի թիվս մի շարք փոփոխությունների, առաջարկվում է սահմանել, որ Քննչական կոմիտեում պաշտոնի կարող են նշանակվել նաև օրենքով նախատեսված կարգով և հիմքով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված անձինք:

«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը:

«Օրենսդրական հիմքը, որ բերել է այս փոփոխությանը, Զիվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքն է: Ըստ այս օրենքի՝ մենք նախատեսում ենք փոփոխություն, համաձայն որի՝ Քննչական կոմիտեում պաշտոնի կարող են նշանակվել նաև օրենքով նախատեսված կարգով և հիմքով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված անձինք: Գործող իրավակարգավարումների պայմաններում մենք ունենք որոշակի խումբ անձինք, որոնք օրինական կարգով ազատվել են զինծառայությունից, և նրանց առողջական, ֆիզիկական, մտավոր վիճակը խոչընդոտ չի հանդիսանում Քննչական կոմիտեում աշխատելու համար, սակայն օրենքի ձևակերպումն էր խնդիր առաջացնում: Այս օրենքի կարգավորմամբ հնարավորություն կունենանք, որ այն անձինք, որոնք օրենքով սահմանված կարգով ազատվել են զինծառայությունից, նրանց ևս ներգրավել քննչական համակարգում աշխատանքի»,-ասաց Այվազյանը:

Նախածով սահմանվում է նաև, որ Քննչական կոմիտեի ղեկավարը, որպես պետական մարմնի ղեկավար հետայսու իրավունք պետք է ունենա անձամբ հաստատելու կոմիտեի կանոնադրությունը, հաստիքացուցակը, կառուցվածքը: Մինչև դա, այդ ամենը իրականացվում էր կառավարության միջոցով:  Օրինագծով կատարվել են մի շարք այլ փոփոխություններ ևս: