կարևոր
1258 դիտում, 1 տարի առաջ - 2020-09-17 14:24

Ռայնիսի 1 հասցեի փլուզված շենքի 12 բնակարանների սեփականատերերին բնակարանի գնման վկայագրեր կտրվեն

Ռայնիսի 1 հասցեի փլուզված շենքի 12 բնակարանների սեփականատերերին բնակարանի գնման վկայագրեր կտրվեն

Կառավարությունը Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Յան Ռայնիսի փողոցի թիվ 1 շենքի օգոստոսի 26-ին փլուզված թվով 12 բնակարանների սեփականատերերին բնակարանի գնման վկայագիր կտրամադրի: Այս մասին որոշումն ընդունվել է կառավարության նիստում:

Ֆինանսավորման նպատակով պահուստային ֆոնդից Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը կհատկացվի 182 մլն դրամ:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արմեն Ղուլարյանի խոսքով՝ հաշվարկվել է, որ այդ տարածքում մեկ քմ բնակմակերեսի միջինացված արժեքը 333 հազար դրամ է:

«Այդ վկայագրերով բնակիչները կարող են ցանկացած անձից ձեռք բերել պատրաստի բնակարան կամ բնակելի տուն: Եթե բնակիչը կարողանում է ավելի էժան գնով բնակարան գտնել, ավելացած գումարը մնում է իր տնօրինման տակ: Բացի այդ, քաղաքացին կարող է բնակարան ձեռք բերել նաև հիփոթեքով, որի դեպքում աջակցության գումարը կարող է փոխանցվել որպես կանխավճար»,- ասել է Ղուլարյանը:

Օգոստոսի 26-ի առավոտյան Քանաքեռ-Զեյթունում՝ Ռայնիսի փողոցի թիվ 1 հասցեում, նախնական տվյալներով գազի արտահոսքից տեղի էր ունեցել պայթյուն: Քառահարկ պանելային շենքը մասնակի փլուզվել էր. վնասվել էր շքամուտքում գտնվող 12 բնակարան։ Իրենց ուժերով կամ փրկարարների օգնությամբ շենքի փլուզված հատվածից դուրս էր եկել մոտ 20 մարդ: Մեկ հոգի տեղում մահացել էր, երկու բնակիչ էլ տեղափոխվել էին հիվանդանոց, որտեղ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 41-ամյա տղամարդու կյանքը փրկել չէր հաջողվել: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարել է պայթյունից տուժած բնակիչներին ապահովել ժամանակավոր կացարաններով։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը) հատկանիշներով: