370 դիտում, 2020.09.17 10:36

ԱԺ-ն մերժեց Արայիկ Հարությունյանի պաշտոնանկության հարց բարձրացնելու առաջարկը

ԱԺ-ն մերժեց Արայիկ Հարությունյանի պաշտոնանկության հարց բարձրացնելու առաջարկը

ՀՀ ազգային ժողովը մերժեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության առաջարկը՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հետագա պաշտոնավարման հարցը վարչապետի քննարկմանն առաջարկելու մասին:

ԿԳՄՍ նախարարի հետագա պաշտոնավարման հարցը վարչապետի քննարկմանն առաջարկելու մասին ԱԺ որոշման նախագիծն ԱԺ նիստում ստացավ 35 կողմ, 84 դեմ ձայներ:

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը հետաքրքրվեց, թե ինչու նախարարը չի եկել քվեարկությանը: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտնեց, որ նախարարն իր հետ կապ է հաստատել: «Եվ ես ասել եմ, որ գալու կարիք չկա՝ հարցի ցանկացած լուծման դեպքում: Ցանկացած դեպքում նախարարին այս սեպտեմբերյան օրերին գործից կտրելն իմ պատասխանատվությամբ համարել եմ ոչ նպատակահարմար»,-ասաց Միրզոյանը:

«Բարգավաճ Հայաստան»-ը հայտնել էր՝ միանում են ԼՀԿ-ի առաջարկին:

ԲՀԿ-ից Իվետա Տոնոյանը քվեարկությունից առաջ շեշտեց՝ «Բարգավաճ Հայաստան»-ը բացարձակ անհարիր է համարում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի՝ նախօրեին ԱԺ ամբիոնից հնչեցրած ավարտական հատվածը, ինչպես նաև դրան հաջորդած գնահատականները՝ թե գրառումների, թե մնացած գնահատականների մասով: «Մենք վերահաստատում ենք, որ Հարությունյանի պաշտոնավորման նպատակահարմարությունը չենք տեսնում»,-նշեց նա՝ բերելով իրենց հիմնավորումները:

«Իմ քայլը»-ից Լիլիթ Մակունցը շեշտեց. «Ամիսներ շարունակ հետևողական սուտ և կեղծ տեղեկատվություն տարածողները բարեկրթության մասին գնահատականներ տալիս առաջին հերթին պետք է տան իրենց խմբակցության շատ կոնկրետ պատգամավորի՝ Գևորգ Պետրոսյանին, որը ընդհանրապես որևէ բարեկրթության սահման և նորմ չի պահպանում՝ տարածելով կեղծ և սուտ տեղեկատվություն»:

 «Լուսավոր Հայաստան»-ի հարցապնդմանը սեպտեմբերի 16-ի ԱԺ նիստում պատասխանել էր հենց նախարարը: Հարությունյանը, մասնավորապես, նշել էր,որ նախարարությունն ունի բարեփոխումների իր ժամանակացույցը, որը կարող է շտկվել, հղկվել խելամիտ և կառուցողական առաջարկների դեպքում, բայց ոչ երբեք տարբեր խմբերի կողմից ներքաղաքական նպատակներով կրթական կամ մշակութային ոլորտներում՝ ֆորսաժների և արագացումների կամ դանդաղումներ հարուցելու համար:

Նախարար Արայիկ Հարությունյանի՝ հարցապնդմանն իր պատասխան ելույթում հնչեցված մտքերը վիրավորել էին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներին, նրանք բոյկոտել էին կառավարության հետ հարց ու պատասխանը: Նախարարը, մասնավորապես, խոսելով կրթության նոր չափորոշիչներից, ասել էր. «Ապագայում մի խումբ կոտայքցիներ կսովորեն հարգել դիմացինին, ղեկավարել սեփական հորմոնները, սիրել եկեղեցին և այլևս եկեղեցու տարածքում չի լինի օտարի նկատմամբ սեռական բռնություն, այ դա է սովորեցնելու սա»: