302 դիտում, 2020.09.16 17:53

Սահմանադրական դատարանի շուրջ ճգնաժամը վերջացել է. Նիկոլ Փաշինյան

Սահմանադրական դատարանի շուրջ ճգնաժամը վերջացել է. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով խորհրդարանում Սահմանադրական դատարանի դատավորների ընտրությամբ Սահմանադրական դատարանի շուրջ ճգնաժամն ավարտվել է: ՀՀ վարչապետը նման կարծիք հայտնեց Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանի հարցին: «Ես կարծում եմ, որ այն, ինչ տեղի է ունեցել Ազգային ժողովում, շատ կարևոր է. Դրանով Սահմանադրական դատարանի շուրջ ճգնաժամը վերջացել է, փակվել է: Առնվազն այսքանով պետք է արձանագրել, որ տեղի է ունեցել շատ կարևոր մի բան: Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ ձևավորվել է իդեալական սահմանադրական դատարան, ոչ չի նշանակում, որ ձևավորվել է իդեալական Սահմանադրական դատարան»,- ասաց վարչապետը:

Անդրադառնալով պատգամավորի հարցին, թե հանրության մոտ հարցեր են առաջանում ՍԴ դատավորի ընտրված թեկնածուների հետ կապված, մասնավորապես, թե ինչ սկզբունքով է կառավարությունն այդ պաշտոնում ներկայացրել Էդգար Շաթիրյանի թեկնածությունը՝ վարչապետը նշեց.

«Երբ ասում եք հարցեր են առաջացել հանրության մոտ, պետք է ճշգրտել հանրության ներկայացուցիչների հասցեները, հեռախոսահամարները, որպեսզի հասկանանք, թե իրենք ում են ներկայացնում: Սահմանադրական դատարանի դատավորների ընտրության գործընթացում կային մարդիկ և շրջանակներ, ովքեր անընդհատ ուզում էին խոսել հեղափոխության արժեքների մասին և անընդհատ փորձում էին իրավիճակը համեմատել հեղափոխության արժեքների հետ: Եվ այնպիսի տպավորություն էր, որ հեղափոխության ժամանակ հեղափոխությունը կառավարած կամ ղեկավարած քաղաքական թիմը ընդհանրապես գաղափար չունի հեղափոխության արժեքների մասին, և մարդիկ, ովքեր հեղափոխության մասին իմացել են մայիսի 8-ից մեկ շաբաթ հետո, դարձել են հեղափոխության արժեքների ջերմեռանդ պաշտպաններ: Այդպե՞ս է արդյոք: Ոչ, ես ուզում եմ ասել, որ այդպես չէ, որովհետև ամեն իրավիճակում կան խմբեր, կան ուժեր՝ քաղաքական և ոչ քաղաքական, ովքեր ուզում են իրենց օրակարգը, իրենց շահերը իրենց մարդկանց, իրենց թեկնածուներին, իրենց կամակատարներին, այսպես ասած, հանրության անունից որոշակի տեղերում տեղավորվել»:

Վարչապետը հավելեց, որ կառավարությունը ՍԴ դատավորի թեկնածուի մասին որոշումը կայացրել է իր լիազորությունների շրջանակներում: