260 դիտում, 2020.09.16 17:38

Հուլիսյան գործողություններից հետո հրադադարի խախտումները կրկնակի ավելացել են. ՊՆ

Հուլիսյան գործողություններից հետո հրադադարի խախտումները կրկնակի ավելացել են. ՊՆ

Հուլիսյան գործողություններից հետո տվյալ ուղղությամբ հակառակորդի կողմից հրադադարի խախտումները գրեթե կրկնակի ավելացել են: Այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ ԱԺ-ում կառաավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի հարցին:

Հայրապետյանը հիշեցրեց, որ Ադրբեջանի հերթական սադրանքի արդյունքում զինծառայող է զոհվել, հետաքրքրվեց սահմանային իրավիճակով:

«Հուլիսյան գործողությունների՝ համեմատաբար դադարից հետո տվյալ ուղղության վրա հրադադարի խախտումները գրեթե կրկնակի ավելացել են: Հույս ունենք, որ մեր Զինված ուժերի համապատասխան գործողությունների արդյունքում դադարը պահպանվելու է և նպաստելու բանակցային գործընթացին»,-ասաց Տոնոյանն ու համոզմունք  հայտնեց, որ պատասխան գործողությունները համարժեք են:

Նախարարը նշեց նաև, որ ադրբեջանական Զինված ուժերի ստորաբաժանումներն իրականացնում են ամրաշինական աշխատանքներ՝ փորձելով չեզոքացնել հայկական կողմի դիրքապահների և դիրքերի գերակայությունը և առավելությունը: «Այդ իսկ պատճառով օգտագործվում է տարբեր տրամաչափի զենք: Այս իրավիճակն արդեն մոտ երկու շաբաթ է: Մենք տեղեկատվական զսպվածություն ենք ցուցաբերել: Այս ամբողջ դեպքերի վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրվում է համանախագահներին, ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը տեղեկացված է, մենք մի քանի անգամ զգուշացրել ենք, որ առկա չէ այս իրավիճակի ոչ պատշաճ զարգացումների ռիսկերի նվազեցման որևիցե մեխանիզմ: Այսօր, ցավոք, ունենք զոհ: Համապատասխան միջոցներ են ձեռնարկվում: Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է իր մտահոգությունը, զգոնությունը բարձրացրել է, այդ մտահոգությունը մեզ համար կանխատեսելի է, քանի որ  համապատասխան գործողություններ են իրականացվելու»,-ասաց Տոնոյանը:

ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ վերջին օրերին հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը ցուցաբերել է ակտիվություն և փորձել ձեռնարկել ամրաշինական աշխատանքներ՝ նպաստելով առաջնագծում լարվածության աճին:  «Հակառակորդի ակտիվությունը ճնշելու և հետագա սրացումները կանխելու նպատակով ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները ստիպված են եղել ձեռնարկել համապատասխան գործողություններ:Հակառակորդի հերթական սադրանքի հետևանքով սեպտեմբերի 16-ին հյուսիսարևելյան հատվածում տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում մահացու հրազենային և բեկորային վնասվածքներ է ստացել պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Հովիկ Նելսոնի Թամազյանը։