18.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.79 -0.17 | |
GBP | 489.18 -1.95 | |
EUR | 412.81 -0.13 | |
GEL | 145.57 +0.52 | |
RUB | 6.83 +0.13 |
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի այցը Եգիպտոս ցույց տվեց, որ նաև քաղաքական, դիվանագիտական առումով բավական լուրջ համագործակցություն է սկսվում Եգիպտոսի նման կարևոր երկրի հետ: Հրավիրված ասուլիսում ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գիտական ղեկավարի պաշտոնակատար, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը նշեց, որ սա հեռանկարային ուղղություն է, թե արտաքին քաղաքականության, թե գիտական համագործակցության համար:
«Ես կարծում եմ, որ սկսվում է Հայաստանի քաղաքականության մի նոր ուղղություն՝ Մերձավոր Արևելք, արաբական աշխարհ: Ես դա շատ կարևոր եմ համարում, որովհետև հազարավոր կապերով կապված ենք Մերձավոր Արևելքի հետ: Մեր համայնքներն այնտեղ ակտիվ են: Եվ Մերձավոր Արևելքում, Միջերկրական ծովի արևելյան հատվածում մեր տեղը պետք է ունենանք որպես այնպիսի երկիր, որը վարում է արտաքին քաղաքականություն՝ ուղղված կայունության, խաղաղության պահպանմանը, ագրեսիվ գործողություններին դիմակայելուն: Մանավանդ, որ թե Մերձավոր Արևելքում, թե Միջերկրական ծովի արևելյան հատվածում ունենք պատմական ավանդույթներ»,-ասաց Ռուբեն Սաֆրաստյանը: Հետևաբար, ըստ Սաֆրաստյանի, այդ տարածաշրջանը Հայաստանի արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից դարձնելն առաջնահերթություն է: Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով, Հայաստանը ճիշտ ճանապարհի վրա է, քանի որ առավել շատ ուշադրություն է դարձնում մերձավորարևելյան ուղղությանը:
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 12-ից 15-ը պաշտոնական այց կատարեց Եգիպտոսի Արաբական Հանրապետություն: Կահիրեում ՀՀ դեսպանությունում արտգործնախարարը հանդիպում է ունեցել Եգիպտոսի բարձրագույն ղեկավարության, հայ համայնքի ականավոր ներկայացուցիչների հետ: