92 դիտում, 2020.09.16 15:43

Հայաստանում հիմնովին վերակառուցվում է ութ ավագ դպրոց

Հայաստանում հիմնովին վերակառուցվում է ութ ավագ դպրոց

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2020 թվականի հատկացումների տնտեսման և վերաբաշխման արդյունքում երկրի ութ դպրոց հիմնովին վերակառուցվում է:

Այս մասին սեպտեմբերի 16-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

«Նախարարության ծրագրերով իրականացվող կապիտալ շինարարություններն աճել են տասնյակ անգամ: Գումարի առումով ավելացում կա, բայց նախագծերի թվերն աննախադեպ են: Այս պահին հիմնովին վերակառուցվում է ութ ավագ դպրոց: Գործընթացն իրականացվում է առաջանցիկ տեմպերով»,-ասաց Հարությունյանը:

Նա ընդգծեց, որ իր ղեկավարման ընթացքում Հայաստանի շուրջ վաթսուն համայնքում բացվել է 60 նախակրթարան: Ըստ նախարարի՝ դա կապված է ՀՀ կառավարության ծրագրային այն դրույթի հետ, որի համաձայն՝ մինչև 2023 թվականը 3-6 տարեկան աշակերտների շուրջ 70 տոկոսը պետք է հաճախի նախադպրոցական ուսումնական հաստատություն:

Արայիկ Հարությունյանը տեղեկացրեց, որ շուտով մեկնարկելու է շուրջ 22 դպրոցի շինարարություն: «Այդ դպրոցները նոր գույներ, համ ու հոտ են բերելու ամենահեռու համայնքներին: Շեշտեմ, որ հաջորդ տարի նախատեսում ենք մի շարք համայնքներում մոտ 15 դպրոցի շինարարություն իրականացնել: Այս տեմպերով դպրոցաշինություն, մանկապարտեզաշինություն Հայաստանի պատմության 30 տարում չի եղել»,-հավաստիացրեց Հարությունյանը:

Նախարարը հիշեցրեց, որ 2016 թվականին դպրոցաշինության համար հատկացվել է 976 մլն դրամ, 2017-ին՝ 1 միլիարդ 395 միլիոն դրամ: «Նախորդ կառավարությունն անհասկանալի կերպով այս գումարն իջեցրել է մինչև մեկ միլիարդ 100 միլիոն դրամի, ինչի պատճառով դպրոցաշինության գործը դանդաղել էր, բայց 2019-ին   տրամադրվել է մեկ միլիարդ 425 միլիոն դրամ: Այս տարի՝ մեկ միլիարդ 914 միլիոն դրամ է հատկացվել: Գումարի մեծ մասը ծախսել ենք: Այս տարի դպրոցաշինությանը պետական միջոցներից ևս 800 միլիոն դրամ կհատկացվի»,-ընդգծեց Արայիկ Հարությունյանը: