կարևոր
920 դիտում, 1 տարի առաջ - 2020-09-16 14:46

ԱԺ-ն քննարկեց օրենքով անվճար իրավաբանական ծառայություններից օգտվողների շրջանակն ընդլայնող նախագիծը

ԱԺ-ն քննարկեց օրենքով անվճար իրավաբանական ծառայություններից օգտվողների շրջանակն ընդլայնող  նախագիծը

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի և Շաքե Իսայանի ներկայացրած օրենքի նախագիծը, որով սահմանվում է, որ զինվորական ծառայության հետ պատճառական կապով զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամները ևս կկարողանան օգտվել հանրային պաշտպանի գրասենյակի անվճար ծառայություններից:

«Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրել է Նաիրա Զոհրաբյանը:

Փաստաբանության մասին գործող օրենքով սահմանված է, որ Հայաստանը երաշխավորում է անվճար իրավաբանական օգնություն, մասնավորապես, ՀՀ-ի սահմանների պաշտպանության ժամանակ զոհված, մահացած զինծառայողների ընտանիքներին: «Մենք գտնում ենք, որ այս կարգավորումը բավականին խնդրահարույց է, վերաբերմունքն արդարացի չէ այն զինծառայողների ընտանիքների անդամների հանդեպ, որոնց զավակները Զինված ուժերում իրենց ծառայությունն իրականացնելու ընթացքում մահացել են այլ հանգամանքներում»,- ասել է Զոհրաբյանն ու հավելել՝ սևազգեստ մայրերը, զոհված զինծառայողների հարազատները քանիցս Մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովում բարձրացրել են պետության կողմից իրենց անվճար իրավաբանական օգնություն տրամադրելու հարցը:

Պատգամավորի խոսքով՝ նրանց իրավունքների պաշտպանությունը Հանրային պաշտպանի գրասենյակի կողմից կկազմակերպվի այնպես, որ ապահովվի յուրաքանչյուր շահառու հանդիսացող անձի իրավունքների արդյունավետ պաշտպանությունը: Առաջին ընթերցմամբ քննարկումից հետո կառավարությունից ստացվել է մեկ առաջարկ, այսպիսով նախագծում տրվել է հետևյալ ձևակերպումը՝ սահմանված կարգով հաստատված զինվորական ծառայության հետ պատճառական կապով զոհված, մահացած զինծառայողի ընտանիքի անդամները:

Զոհրաբյանը հիշեցրել է, որ անվճար իրաբանական օգնություն չի կարող տրվել ձեռնարկատիրական բնույթի գործերով՝ ներառյալ կորպորատիվ վեճեր, նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող գույքային պահանջով գործերով՝ բացառությամբ այն գործերի, որտեղ անձը հանդես է գալիս որպես պատասխանող կամ պատասխանի կողմում հանդես եկող երրորդ անձ և եթե առկա են դիմող անձի անվճարունակությունը ժխտող փաստական հավաստի տվյալներ: