112 դիտում, 2020.09.16 12:23

ԱՄԷ-ն ու Բահրեյնը դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին պատմական համաձայնագիր են ստորագրել Իսրայելի հետ

ԱՄԷ-ն ու Բահրեյնը դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին պատմական համաձայնագիր են ստորագրել Իսրայելի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Մերձավոր Արեւելքում նոր դարաշրջանի մեկնարկի մասին:

Երեքշաբթի Սպիտակ տանը Արաբական Միացյալ Էմիրություններն ու Բահրեյնը դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին պատմական համաձայնագիր են ստորագրել Իսրայելի հետ` Միացյալ Նահանգների միջնորդությամբ:

«Մենք այստեղ ենք` փոխելու պատմության ընթացքը»,-ասել է ԱՄՆ նախագահը: Այսպիսով, Արաբական Միացյալ Էմիրություններն ու Բահրեյնն արաբական երրորդ եւ չորրորդ երկրներն են, Եգիպտոսից եւ Հորդանանից հետո, որ դիվանագիտական հարաբերություններ են հաստատում Իսրայելի հետ:

Թրամփի խոսքով, առաջիկայում արաբական եւս 5 երկիր կարող է նման համաձայնագիր ստորագրել: Տասնամյակներ շարունակ արաբական երկրները բոյկոտում են Իսրայելին՝ պնդելով, թե կապեր կհաստատեն միայն Պաղեստինի հետ հակամարտությունը կարգավորելուց հետո:

Պաղեստինում այս համաձայնագրերը դավաճանություն են որակում՝ նշելով, որ տարածաշրջանում խաղաղություն կհաստատվի, միայն երբ Իսրայելը դուրս գա բռնազավթած հողերից: Իսկ մինչ Վաշինգտոնում պատմական գործարքներ էին կնքվում, Գազայի հատվածից զինյալները հրթիռներ են արձակել դեպի Իսրայել, Իսրայելն էլ պատասխանել է: