168 դիտում, 2020.09.16 10:57

ԱԺ-ն սահմանեց COVID-19-ի հաղթահարման քայլերը քննող հանձնաժողովի անդամների թիվը

ԱԺ-ն սահմանեց COVID-19-ի հաղթահարման քայլերը քննող հանձնաժողովի անդամների թիվը

ՀՀ Ազգային ժողովը սահմանեց COVID-19-ի հաղթահարման հարցում կառավարության, պարետատան քայլերն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամների թիվը: Նոր կորոնավիրուսի (COVID-19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի համաճարակի հետեւանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաեւ արտակարգ դրության ժամանակահատվածում Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին որոշման նախագիծը ԱԺ նիստում ստացավ 110 կողմ, 5 ձեռնպահ ձայներ:

ԱԺ պատգամավորների մեկ քառորդի ստորագրություններով ստեղծվել է քննիչ հանձնաժողով: Ինչպես տեղեկացրել էր նախաձեռնող խմբի ներկայացուցիչ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ առաջարկել են, որ հանձնաժողովն ունենա 12 անդամ, այսինքն՝ 7 անդամ՝ իշխող «Իմ քայլը» խմբակցությունից, 3 անդամ՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից և 2 անդամ՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը քվեարկությունից առաջ վարման կարգով իր ելույթում շեշտեց՝ ամբողջ աշխարհում համավարակը դեռ հաղթահարված չէ: «Ավելին, այսօր շատ գիտնականներ, բժիշկներ փորձում են պարզել կորոնավիրուսի իրական ծագումնաբանությունը, որը հնարավորություն կտա հստակ հասկանալ, թե որոնք են այն արդյունավետ պաշտպանիչ, կանխարգելիչ միջոցառումները, որոնք հնարավորություն կտան հանրությանը զերծ պահել վարակից: Հետևաբար մնում են այն կարծիքին, որ նման քննիչ հանձնաժողով ստեղծելն այս պահի դրությամբ առնվազն անհասկանալի է: Այնուամայնիվ, «Իմ քայլը» խմբացությունը չի խոչընդոտելու քննիչ հանձնաժողովի ստեղծմանը, կառաջադրի պատգամավորների, որոնք կներգրավեն կազմում»,-ասաց Մակունցն ու շեշտեց՝ սակայն չեն գտնում, թե այն այս փուլում լինելու է արդյունավետ:

Նախորդ օրը այս հարցը բուռն քննարկվել էր խորհրդարանի նիստերի դահլիճում: Տարբեր պատգամավորներ հայտնել էին տարբեր տեսակետներ: ԲՀԿ-ից Արտյոմ Ծառուկյանը շեշտել էր՝ պետք է գույքագրեն, ֆիքսենք, թե ինչն է թերի արվել, ինչն է ճիշտ արվել: «Քննիչ հանձնաժողովը բացի խնդիրները ֆիքսելուց, նաև պետք է լուրջ առաջարկներ անի, թե հետագայում ինչ պետք է անենք, որ և թվերը լավացնենք և տարածաշրջանում ավելի լավ դիրքում լինենք»,-նշել էր պատգամավորը:

ԼՀԿ-ից Կարեն Սիմոնյանը նշել էր՝ ապահովագրելու համար հետագա սխալները, պետք է բոլոր հնարավոր տարբերակներով բացահայտեն այն բոլոր սխալ միջոցառումները, որ եղել են: «Անհնար է, որ նման հսկայածավալ աշխատանքի ընթացքում չլինեն սխալներ»,-ասել էր նա:

«Իմ քայլը»-ից Ալեն Սիմոնյանը շատ դրական էր գնահատել հանձնաժողովի ստեղծումը, ցանկություն հայտնել ընդգրկվել կազմում: «Բայց ոչ այն կոնտեքստում, որ այստեղ հաճախ նշվում է: Ես ուզում եմ մենք այստեղ քննարկենք նաև այն գործողությունները, որոնք տեղի են ունեցել ոչ միայն կոնկրետ մարմինների ներկայացուցիչների կողմից, այլ նաև ընդդիմության գործընկերների կողմից»,-ասել էր Սիմոնյանը: