2020թ. սեպտեմբերի 11
Քաղաք Երևան․ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Հարգելի վարչապետ, մենք Ձեզ հարցեր ունենք․․․
Պետական այլընտրանքային հեղինակային կրթական ծրագրեր մշակելու, կազմակերպելու և տարածելու համար 1989թ. ստեղծված «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր փորձարարական-հետազոտական միավորումը՝ բլեյան դպրոցը, այսօր նրա հիմնադիր տնօրեն Աշոտ Բլեյանը չի ղեկավարում։ Ավելին՝ նա զրկված է այդ հնարավորությունից։ Ինչո՞ւ. չի՞ կարող, արժանի չէ՞, թե՞… Այս հարցը արդեն երկար ժամանակ տանջում է սեբաստացի կրթական մեծաքանակ համայնքին, նրա մեծուփոքրին։ Սա միջամտություն է կրթահամալիրի ինքնավարությանը. իր ստեղծման պահից սեբաստացի կրթական համայնքն իր կրթահամալիրի կառավարման խորհրդի միջոցով ինքն է որոշել հեղինակային մանկավարժության, ստեղծագործական հավաքանու, կազմակերպության ղեկավարին։ Այլ կերպ չի կարող լինել։ Հեղինակային մանկավարժությունը անձի, այդ նպատակով ստեղծված հաստատության, նրա հավաքանու ստեղծագործությունն է. չի կարող այդպես չհամարվել։ Ոտնահարված է հեղինակի բացառիկ իրավունքը։
Ձեզ ենք ներկայացնում սեբաստացի բաց համայնքում սկսված «հանրաքվեի»՝ համընդհանուր հարցման թերթիկը։ Առաջարկում ենք մասնակցել հարցմանը՝ որպես սեբաստացի սովորողների ծնող, կրթահամալիրի բարեկամ։ Եվ հրավիրում ենք Ձեզ սեպտեմբերի 15-ին՝ ժամը 19։00, սեբաստացի կրթական բաց համայնքի ամենշաբաթյա առցանց, բաց հանդիպմանը. մենք Ձեզ հարցեր ունենք։ https://mskh.am/am/95308