կարևոր
505 դիտում, 1 տարի առաջ - 2020-09-14 21:57

ՀԲԸՄ Հայ երիտասարդաց ընկերակցությունը Բեյրութում ակտիվորեն ներգրավված է մարդասիրական աշխատանքներում

ՀԲԸՄ Հայ երիտասարդաց ընկերակցությունը Բեյրութում ակտիվորեն ներգրավված է մարդասիրական աշխատանքներում

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում օգոստոսին տեղի ունեցած պայթյունի առաջին իսկ օրից ՀԲԸՄ-ի Հայ երիտասարդաց ընկերակցությունը ՀԲԸՄ-ի Լիբանանի շրջանային վարչության ատենապետ Ժերար Թուֆէնքճյանի  ցուցումներով մարդասիրական աշխատանքներ է իրականացնում: Այս մասին հայտնում է ՀԲԸՄ ՀԵԻ-ի մամուլի և տեղեկատվության գրասենյակը:

Սկաուտական շարժումներով, խմբերով աշխատանք են կատարում՝ աջակցելու լիբանանցիներին և լիբանանահայությանը:

«Նավահանգստի պայթունն ավերակույտի վերածեց մայրաքաղաք Բեյրութը: Այն քանդեց  բնակարաններ,  հաստատություններ, թաղամասեր, եղան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ:  Բեյրութի պայթյունը  մարդկային, տնտեսական կորուստների  կողքին  բարոյական ծանր հարված  հասցրեց լավատեսությամբ հատկանշվող  լիբանանցուն: Կյանքի այսպիսի  պահին, միջազգային եւ տեղական  մարդասիրական կազմակերպությունների կողքին, իրենց  երախտաշատ  գործունեությամբ գնահատանքի արժանացան լիբանանյան երիտասարդական,  բարեգործական  կազմակերպությունները, որոնք անմիջապես  օգնության ձեռք մեկնելու լծվեցին հազարավոր կարիքավորներին աջակցելու համար»,-ասված է հաղորդագրության մեջ:

Օգոստոսի 4-ին հզոր պայթյունը ցնցել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութը: Ականատեսները տեսանկարահանել են կատարվածն ու ներկայացրել ավերածությունները, որոնք տեղի են ունեցել շրջակայքում: Առաջին պայթյունը որոտացել է քաղաքային նավահանգստում, տեղական ժամանակով երեկոյան 18:00-ից հետո: Րոպեներ անց ավելի մեծ պայթյուն է որոտացել: Տեսանկարահանումը ֆիքսել է հարվածային ալիքը, որը ցնցել է մի քանի կիլոմետր հեռավորությամբ գտնվող շինությունները: