կարևոր
2105 դիտում, 2 տարի առաջ - 2020-09-14 18:21

ՍԴ դատավորի թեկնածուն ու Արման Բաբաջանյանը բանավիճեցին, արձագանքեց նաև Ալեն Սիմոնյանը

ՍԴ դատավորի թեկնածուն ու Արման Բաբաջանյանը բանավիճեցին, արձագանքեց նաև Ալեն Սիմոնյանը

Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն ու Սահմանադրական դատարանի դատավորի՝ կառավարության կողմից առաջադրված թեկնածու Էդգար Շաթիրյանը խորհրդարանի դահլիճում ելույթներով սուր բանավիճեցին:

Շաթիրյանի թեկնածության քննարկմանը Բաբաջանյանն իր ելույթում հիշեցրեց, որ Էդգար Շաթիրյանն աշխատել է Բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովում:

«Իր գործունեության ողջ ընթացքում Շաթիրյանը որևէ դիրքորոշում չի հայտնել որևէ պաշտոնյայի, որևէ դատավորի վերաբերյալ: Այսինքն, նա իրեն դրսևորել է խիստ հարմարվողական, կոմֆորմիստ պաշտոնյա, ինչն էլ ըստ էության հանդիսացել է նախկին իշխանությունների օրոք այդ հանձնաժողովում նրա նշանակման ու գործունեության ապահովման երաշխիքը: Այսինքն՝ Շաթիրյանը նախորդ հանցավոր իշխանությանը ծառայել է ոչ թե իր գործողություններով, այլ պասիվ անգործությամբ՝ չեզոքություն ցուցաբերելով  կարևորագույն հարցերում: Չեզոքություն. ահա այն կարևոր ու հատկանշական բնորոշիչը, որով հնարավոր է և անհրաժեշտ է ներկայացնել Էդգար Շաթիրյանին: Բայց դա ոչ թե սովորական, այլ կամազուրկ չեզոքություն է, որը հանդիսացել է այն բութ գործիքը, որով նախկին իշխանությունն այդ հանձնաժողովում լուծել է իր խնդիրները՝ Էդգար Շաթիրյանի միջոցով»,-ասաց Բաբաջանյանը:

Բաբաջանյանը նշեց՝ իր աղբյուրներով՝ այդ պաշտոնը Շաթիրյանին  նաև բավականին ապահովել է նաև բավականին զգալի նյութական միջոցներ ու բարեկեցություն:

Էդգար Շաթիրյանը արձագանքեց կտրուկ: «Երբվանի՞ց դարձաք ազգի փրկիչ, ես էլ դարձա ազգակործան էլեմենտ: Ո՞վ է Ձեզ բարոյական իրավունք տվել ՝այդչափ կտրուկ և վիրավորական գնահատականներ հնչեցնել բարոյական նկարագրիս վերաբերյալ»,-ասաց Շաթիրյանն ու Բաբաջանյանին հորդորեց նայել նրա անցած ուղին:

Անդրադառնալով իր գույքային դրության հետ կապված Բաբաջանյանի դատողություններին՝ Շաթիրյանը նշեց, որ դրանք անհեթեթությունների ժանրից են: «Շատ ցավում եմ, որ դուք դարձել եք իմ դեմ սանձազերծված այս կեղտոտ խաղի մասնակիցը, եթե ոչ սանձազերծողը»,-ասաց նա՝ դիմելով Բաբաջանյանին:

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ևս արձագանքեց Բաբաջանյանին՝ իր ելույթում:  Նա նկատեց, որ Բաբաջանյանը Շաթիրյանին ճանաչում է «այստեղ-այնտեղ» պտտվող ասեկոսեներից: Անդրադառնալով քննադատությանը, թե Շաթիրյանը աշխատել է նախկին իշխանության օրոք, Սիմոնյանը նշեց. «Այո, բոլորը ՀՀ-ում աշխատել են Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի օրոք: Այս ԱԺ-ում նույնպես կան բազմաթիվ մարդիկ, որոնք աշխատել են և հիմա էլ շարունակում են աշխատել»:

Նա շեշտեց՝ Էդգար Շաթիրյանը որևէ իշխանության կողմից չի ընտրվել որևէիցե պաշտոնի, որ ծառայություններ մատուցի, այլ նրա պատճառով, որ իր նման մասնագետ ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը տալիս է 5-6 տարին մեկ անգամ:  Սիմոնյանը նաև նշեց՝ ինքը միտում է տեսնում Բաբաջանյանի ելույթների մեջ: «Խոսքը վերաբերում է ոչ միայն Շաթիրյանի հետ կապված ելույթին, այլ, ընդհանուր առմամբ, դատական, իրավական թեմաների շուրջ յուրաքանչյուր խոսակցության ժամանակ ես անձնական միտում եմ տեսնում: Դա իմ սուբյեկտիվ կարծիքն է»,-ասաց նա ու հավելեց՝ հպարտանում է, որ ԱԺ-ն քննարկում է Շաթիրյանի թեկնածությունը: