17.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.86 -0.13 | |
GBP | 567.07 +8.89 | |
EUR | 478.29 +3.51 | |
GEL | 153.34 +0.02 | |
RUB | 7.18 -0.03 |
Երևանում քաղաքային տրանսպորտի բարելավմանն ուղղված ծրագրի շրջանակում հայտարարվել էր 12-մետրանոց ավտոբուսների մրցույթ, որը չէր կայացել մասնակիցների՝ մրցույթի պայմաններին չհամապատասխանելու պատճառով. առաջիկայում նոր տենդեր կհայտարարվի:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
«Մենք արդեն սկսել ենք քաղաքային տրանսպորտի բարեփոխման գործընթացը: Կառավարության և Եվրոպական զարգացման բանկի հետ համատեղ տենդերը եղել է 12 մետրանոց 100 ավտոբուսի համար: Եղել են երկու մասնակից, բայց երկուսն էլ չեն համապատասխանել մրցույթի պայմաններին, դրա համար տենդերը համարվել է չկայացած: Այժմ աշխատում ենք նոր տենդերի ուղղությամբ»,- նշել է Մարությանը:
Նրա խոսքով՝ մասնագետների հաշվարկներով ավտոբուսների քանակը Երևանում պետք է լինի 850-950 հատ՝ ներառյալ նաև պահեստային ավտոբուսները:
Քաղաքապետը շեշտեց, որ այդ գործընթացը կախված չէ միայն քաղաքապետարանից, և դրան շատ լուրջ մասնակցություն պետք է ունենա նաև կառավարությունը:
Մարությանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը նշել է, որ կայացել է նաև 100 մինի ավտոբուսի մրցույթ, կա հաղթող:
«Ավտոբուսները Հայաստան կբերվեն համայնքի միջոցներով: Առաջիկա 2-3 ամսում սպասում ենք մատակարարումներին: Նախատեսվում է նաև զգալի խմբաքանակով 8-9 մետրանոց ավտոբուսների մրցույթ հայտարարել, Դրանք նույնպես ձեռք կբերվեն համայնքի միջոցներով»,- ասաց Կարապետյանը: