ՀՀ ազգային ժողովը քննարկում է Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի պաշտոնում ՀՀ նախագահի առաջադրած Արթուր Վաղարշյանի թեկնածությունը:
Թեկնածուին ԱԺ-ում ներկայացրել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը:
Արթուր Գրիշայի Վաղարշյանը ծնվել է 1963 թվականի հոկտեմբերի 7-ին Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղում: 1981-1983 թթ. ծառայել է Խորհրդային բանակում: 1989 թվականին ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը, 1993 թվականից զբաղվում է դասախոսական գործունեությամբ: 1997 թվականին Արթուր Վաղարշյանին շնորհվել է իրավաբանական գիտությունների թեկնածուի, իսկ 2013-ին՝ իրավաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: 2014-ին ստացել է պրոֆեսորի գիտական կոչում: Հեղինակ է ավելի քան 120 տպագրված աշխատանքների: Արթուր Վաղարշյանը հանդիսանում է միայն ՀՀ քաղաքացի, համապատասխանում է ՍԴ դատավորին ներկայացվող պահանջներին:
«Իմ քայլից» Վահագն Հովակիմյանը նկատել է, որ երբ անցյալ տարի առաջադրվել էր Վաղարշյանի թեկնածությունը, նա ընդամենը 30 «կողմ» ձայն էր ստացել, հիմա, երբ ԱԺ-ն չի փոխվել, ինչո՞վ է պայմանավորված նույն խորհրդարանին արդեն մեկ անգամ չընտրված թեկնածուին կրկին ներկայացնելը: Տարասյանն արձագանքել է՝ Վահե Գրիգորյանը ևս երկու անգամ է առաջադրվել՝ թեկուզ տարբեր գումարման ԱԺ-ներում: «Բայց, թույլ տվեք մի նկատառում, եթե խոսում ենք ԱԺ-ի, այսինքն՝ սահմանադրական կառույցի մասին, մենք ի նկատի ունենք սահմանադրական կառույց՝ ինստիտուցիոնալ առումով: Եվ, երբ որ այդ երեք թեկնածուներից մեկն առաջադրվել է և հնարավորություն կա երկրորդ անգամ առաջադրվելու, համաձայնեք, արդարացի չէր լինի, եթե մնացած թեկնածուներին առնվազն այդ հնարավորությունը չընձեռել»,-ասել է նա:
ՍԴ երեք դատավորների թափուր տեղի համար իրենց թեկնածուներին առաջադրել են Կառավարությունը, ՀՀ նախագահը և Դատավորների ընդհանուր ժողովը: Դատավորների ընդհանուր ժողովի թեկնածուն է Երվանդ Խունդկարյանը, ՀՀ նախագահինը՝ Արթուր Վաղարշյանը, Կառավարությանը՝ Էդգար Շաթիրյանը: