կարևոր
2095 դիտում, 3 տարի առաջ - 2020-09-14 15:23

Օրինական շրջածախ առևտուր. Երևանի ավագանին նոր կանոններ սահմանեց. (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Շրջածախ առեւտրի համար մայրաքաղաքում կգործեն նոր կանոններ: Երեւանի ավագանին հավանություն տվեց որոշման նախագծին, որով սահմանվեցին շրջածախ առեւտրի իրականացմանը ներկայացվող պահանջները, պայմանները, վաճառվող ապրանքների տեսակները եւ առեւտում իրականացնելու թույլատրելի վայրերը:

«ՀՀ առեւտրի եւ ծառայությունների մասին օրենքով առեւտրի տեսակների մեջ նախատեսված է նաեւ շրջածախ առեւտուրը, սակայն կարգավորումը տրված չի եղել տարիներ շարունակ: Մինչ օրս մեր քաղաքացիները, ովքեր ապօրինաբար՝ առանց իրավական կարգավիճակի էին զբաղվում այդ գործունեությամբ, հնարավորություն կունենան օրենքով սահմանված կարգով, օրինական ճանապարհով զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ»,- նշում է Երեւանի քաղաքապետարանի առեւտրի եւ սպասարկումների վարչության պետ Հովիկ Սաֆարյանը:

Երեւանի վարչական տարածքում գտնվող՝ պետության եւ համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման տարածքներում՝ շրջածախ առեւտուր իրականացնելու համար, ըստ վարչական շրջանների, սահմանվել են հստակ վայրեր:

«Վարչական շրջանների ղեկավարների հետ խորհրդակցել ենք եւ ստացել համապատասխան եզրակացություններ՝ Երեւանի մարդաշատ վայրերում եւ այգիներում շրջածախ առեւտուրը իրականացնելու վերաբերյալ: Հետագայում, եթե կլինեն առաջարկներ, նույն վարչական շրջանների ղեկավարների հետ կհամաձայնեցնենք եւ կավելացնենք նոր վայրեր: Հիմնականում ընտրվել են մարդաշատ վայրեր»,- ասում է Երեւանի քաղաքապետարանի առեւտրի եւ սպասարկումների վարչության պետի տեղակալ Արմեն Թովմասյանը:

Գրքեր, փուչիկներ, հուշանվերներ, նկարներ, գրենական պիտույքներ, անձեռոցիկներ,

շահումով խաղերի եւ վիճակախաղերի կտրոններ, մշակութային միջոցառումների տոմսեր. ավագանու որոշմամբ, ըստ վայրերի հստակեցվել է նաեւ թույլատրելի ապրանքների ցանկը:

«Խաղալիքների վաճառքն արգելված է շրջածախ առեւտրի կարգավորումներով, քանի որ ինքներս տեսանք, թե ինչպես են խաղալիքները հակասանիտարական պայմաններում վաճառվում: Խաղալիքների առումով գործ ունենք հատկապես երեխաների հետ եւ անվտանգությունը բացօթյա փողոցային առեւտրի պարագայում չենք կարող երաշխավորել: Այս օրենքով եւ այս կարգավորումներով նաեւ հնարավորություն է տրվում պաշտպանել սպառողների շահերը, որպեսզի նրանք նույնպես կարողանան հասկանալ, թե ումից են առնում ապրանք, ինչ ապրանք են առնում եւ իրենց իրավունքները կարողանան պաշտպանել»,- նշում է Հովիկ Սաֆարյանը:

Քաղաքի մշակութային եւ զբոսաշրջային կենտրոնում շրջածախ առեւտրի նկատմամբ առավել խիստ մոտեցում կցուցաբերվի: Մասնավորապես Հանրապետության ու Ազատության հրապարակներում, Հյուսիսային պողոտայում եւ Կարապի լճին հարող տարածքում կարելի է վաճառել միայն գրքեր, հուշանվերներ, նկարներ, մշակութային միջոցառումների տոմսեր:

Որոշման համաձայն՝ շրջածախ առեւտուր պետք է իրականացվի բացառապես ձեռքից՝ վաճառվող ապրանքները չդնելով գետնին, վաճառքի կամ ցուցադրության համար չեն կարող օգտագործվել գետնին դրվող տակդիրներ, այլ իրեր ու առարկաներ, ինչպես նաեւ արգելվում է օգտագործել սայլակներ կամ շարժական այլ միջոցներ։ Շրջածախ առեւտուր իրականացնողը պետք է նաեւ ապրանքը գնորդին վաճառելու փաստը հավաստող՝ օրենքով սահմանված փաստաթղթեր տրամադրելու հնարավորություն ունենա։

«Մենք ուղղակի ամրագրել ենք, որ անհրաժեշտ է գնորդին տրամադրել վաճառքի փաստը հավաստող փաստաթուղթ, դա դեռեւս փաստ չէ, որ պարտավոր են բոլորը ունենալ հսկիչ դրամարկղային մեքենաներ: Սկզբնական շրջանում նախատեսված է տեղական տուրքի վճարում օրական 500 դրամի չափով, այսինքն՝ ամսական 15000 դրամ, սակայն ավագանին ունի լիազորություն կիրառելու դրույքաչափեր եւ փոփոխության ենթարկելու այդ դրույքաչափերը՝ նվազեցնել կամ ավելացնել: Ըստ այդմ կտեսնենք սոցիալական խմբերը, ովքեր են ներգրավված այս առեւտրում եւ ըստ անհրաժեշտության այն կփոփոխենք եւ ավելի հարմարավետ կդարձնենք մեր քաղաքացիների համար»,- նկատում է Հովիկ Սաֆարյանը:

Շրջածախ առեւտուր իրականացնելու նշված կարգավորումը ուժի մեջ կմտնի 2021թ. հունվարի 1-ից: