կարևոր
1459 դիտում, 3 տարի առաջ - 2020-09-14 11:22

Ազգային ժողովում քննարկվում է ՍԴ դատավորի պաշտոնում Երվանդ Խունդկարյանի թեկնածության հարցը

Ազգային ժողովում քննարկվում է ՍԴ դատավորի պաշտոնում Երվանդ Խունդկարյանի թեկնածության հարցը

ՀՀ Ազգային ժողովը քննարկում է Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի պաշտոնում Դատավորների ընդհանուր ժողովի առաջադրած՝ Երվանդ Խունդկարյանի թեկնածությունը:

Թեկնածուին խորհրդարանում ներկայացրեց Վճռաբեկ դատարանի քրեական գործերով պալատի նախագահ Լիլիթ Թադևոսյանը:

Երվանդ Հենրիկի Խունդկարյանը ծնվել է 1972 թվականին Երևանում: 1989 թվականին ընդունվել և 1994 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի երեկոյան բաժինը: 1992 թվականի ապրիլի 15-ից աշխատել է ՀՀ գերագույն դատարանում՝ որպես քրեական գործերի, դատական կոլեգիայի, դատական նիստերի քարտուղար, օրենսդրության համակարգման և դատական պրակտիկայի ամփոփման բաժնի ավագ խորհրդատու, քրեական գործերի դատական կոլեգիայի ավագ խորհրդատու: 1996 թվականի նոյեմբերից մինչև 1998 թվականի մայիս ամիսը ծառայել է ՀՀ ազգային բանակում: Զինվորական ծառայությունն ավարտելուց հետո աշխատանքի է անցել ՀՀ գերագույն դատարանում՝ որպես օրենսդրության համակարգման և դատական պրակտիկայի ամփոփման բաժնի ավագ խորհրդատու: 1999 թվականի հունվարից աշխատել է ՀՀ քրեական և զինվորական գործերով Վերաքննիչ դատարանում՝ որպես դատավորի օգնական: ՀՀ նախագահի հրամանով 2001 թվականի հոկտեմբերի 19-ին Խունդկարյանը նշանակվել է ՀՀ տնտեսական դատարանի դատավոր, իսկ 2008-ի հունվարին ՀՀ վերաքննիչ  քաղաքացիական դատարանի դատավոր: 2008-ի հոկտեմբերի 8-ին ՀՀ նախագահի հրմանագրով նշանակվել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր, երկու տարի անց՝ պալատի նախագահ: 2018 թվականի հուլիսի 20-ին ՀՀ նածագահի հրամանագրով նշանակվել է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ, իսկ նույն թվականի սեպտեմբերին Ազգային ժողովի կողմից ընտրվել է ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ:

Խունդկարյանը 2010 թվականից հանդիսացել է ՀՀ դատարանների նախագահների խորհրդի ուսումնական հանձնաժողովի նախագահ, ՀՀ դատական դպրոցի կառավարման խորհրդի նախագահ: 2016-2019 թթ. հանդիսացել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի Քաղաքացիական իրավունք և Քաղաքացիական դատավարություն մասնագիտացմամբ պետական քննական հանձնաժողովի նախագահ, դասավանդում է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում և ՀՀ արդարադատության ակադեմիայում:

Խունդկարյանն ամուսնացած է, ունի երկու որդի:

Ազգային ժողովը հունիսի 22-ի նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել էր «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգավորների կողմից ներկայացված սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում էր փոխարինել Սահմանադրական դատարանի նախագահին և ընդհանուր տևողությամբ ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի անդամներին: Սահմանադրական փոփոխությունները ուժի մեջ մտնելուց հետո Հրայր Թովմասյանն այլևս ՍԴ նախագահ չէ, իսկ Ֆելիքս Թոխյանը, Հրանտ Նազարյանը եւ Ալվինա Գյուլումյանը ՍԴ անդամներ կամ դատավորներ չեն։ ՍԴ երեք դատավորների թափուր տեղի համար իրենց թեկնածուներին առաջադրել են Կառավարությունը, ՀՀ նախագահը և Դատավորների ընդհանուր ժողովը: Դատավորների ընդհանուր ժողովի թեկնածուն է Երվանդ Խունդկարյանը, ՀՀ նախագահինը՝ Արթուր Այվազյանը, Կառավարությանը՝ Էդգար Շաթիրյանը: