կարևոր
980 դիտում, 1 տարի առաջ - 2020-09-14 10:29

Նմանօրինակ քաղաքականությունն ամենևին էլ ողջունելի չէ. Մնացականյանը՝ Թուրքիայի գործողությունների մասին

Նմանօրինակ քաղաքականությունն ամենևին էլ ողջունելի չէ. Մնացականյանը՝ Թուրքիայի գործողությունների մասին

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը կարծում է, որ Թուրքիայի գործողությունները Կովկասում խաթարում են տարածաշրջանում խաղաղությանը և կայունությանն ուղղված ջանքերը: ՀՀ ԱԳ նախարարը նման կարծիք է հայտնել Եգիպտոսի ԱԳ նախարար Սամեհ Շուքրիի հետ մամուլի ասուլիսի ընթացքում:

«Սքայ Նյուզ Արաբիյա»-ի լրագրողի հարցին ի պատասխան ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ հայ-ադրբեջանական սահմանին հուլիսին տեղի ունեցած բախումների ժամանակ Թուրքիան միակ երկիրն էր, որը հանդես եկավ միակողմանի և շատ ագրեսիվ մոտեցմամբ. միակողմանի աջակցություն Ադրբեջանին, ագրեսիվ մոտեցում հասցեագրված Հայաստանին և հայ ժողովրդին, որն արտահայտվեց և հռետորաբանությամբ բոլոր մակարդակներում, և գործողություններով:

«Իհարկե, մենք ականատես ենք լինում իրենց կողմից ռազմական կուտակման փորձերի: Մենք տեղեկություններ ենք ստանում օտարերկրյա ահաբեկիչ զինյալների օգտագործման մասին, ովքեր տեղափոխվելու են Ադրբեջան կամ գուցե արդեն իսկ տեղափոխվել են: Մենք ականատես ենք լինում մեծ ռազմական ներկայության, ռազմական ամրապնդման: Այս ամենը հենց այն գործողություններն են, որոնք խաթարում են տարածաշրջանում խաղաղությանը և կայունությանն ուղղված ջանքերը: Մենք վճռական ենք մեր պաշտպանության մեջ և մենք վճռական ենք ժխտելու ուժի դրսևորման, ագրեսիվ և ապակայունացնող բնույթի ցանկացած քաղաքականություն, որը ուղղված է ազդեցության տարածման, որն իր էությամբ ագրեսիվ է և ապակայունացնող: Մենք ականատես ենք լինում ազդեցության տարածման այս քաղաքականությանն Արևելյան Միջերկրականից մինչև Հյուսիսային Աֆրիկա և Մերձավոր Արևելք, ինչպես նաև Հարավային Կովկաս: Նմանօրինակ քաղաքականությունը ամենևին էլ ողջունելի չէ»,- ասել է Մնացականյանը: