կարևոր
680 դիտում, 1 տարի առաջ - 2020-09-12 15:11

ՍԲ Սարգիս եկեղեցում տեղի ունեցավ հոգեհանգստի կարգ ի հիշատակ չեխ հայտնի լրագրող Դանա Մազալովայի

ՍԲ Սարգիս եկեղեցում տեղի ունեցավ հոգեհանգստի կարգ ի հիշատակ չեխ հայտնի լրագրող Դանա Մազալովայի

Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան Հայրապետական Թեմի Սուրբ Սարգիս Առաջնորդանիստ եկեղեցում տեղի ունեցավ հոգեհանգստի կարգ ի հիշատակ չեխ հայտնի լրագրող և փաստաբան Դանա Մազալովայի։ Քաղաքագետ և Մազալովայի մտերիմ ընկեր Ալեքսանդր Իսկանդարյանը նշել է, որ Դանա Մազալովան հայերի հարցը համարում էր արդարացի և պայքարում էր դրա համար:

«Նա շատ հավատարիմ, խիզախ և արդար մարդ էր: Նա շատ սիրում էր Հայաստանը և մեծ հաճույքով էր այստեղ լինում: Նա պայքարում էր արդարության համար: Այն, ինչ նա անում էր Ղարաբաղում, չի եղել այն պատճառով, որ սիրում էր Հայաստանը, այլ այն պատճառով, որ մարդ էր, որը ցանկանում էր ամեն տեղ պայքարել արդարության համար: Նա հայերի հարցը արդար էր համարում և պայքարում էր դրա համար»,- ասել է Իսկանդարյանը:

2020թ սեպտեմբերի 4-ին Պրահայի Վինոհրադյան հիվանդանոցում 66 տարեկանում կյանքից հեռացել է Դանա Մազալովան։

Դանա Մազալովան ծնվել էր 1954 թվականի նոյեմբերի 18-ին չեխական Օպատով քաղաքում, ուր եւ ավարտել էր միջնակարգ դպրոցն ու գիմնազիան։ Բարձրագույն իրավաբանական կրթությունը ստացել էր Պրահայի Կարոլինյան համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։ Այնուհետեւ անցել էր ակտիվ լրագրողական գործունեության, աշխատել էր Մլադա Ֆրոնտա, Ռեֆլեքս պարբերականներում, ապա՝ 1990 ականների սկզբին՝ իբրեւ Չեխական հեռուստատեսության սեփական թղթակից Մոսկվայում, որտեղից էլ մեկնել էր Հայաստան եւ Լեռնային Ղարաբաղ՝ լուսաբանելով նորանկախ Հայաստանի առօրյան ու Արցախի հիմնախնդիրը։

Դեռեւս 1988 թվականի դեկտեմբերյան երկրաշարժի օրերին նա ոչ միայն մի խումբ չեխ եւ հայ ակտիվիստների հետ կազմակերպեց Հայաստանին տրամադրվող մարդասիրական օգնությունը, գրեց «Երկիր Արարատի ներքո» վավերագրական ֆիլմի սցենարը, որը մեծ հաջողություն ունեցավ չեխական հեռուստաեթերում, այլեւ «Արմենիա» ակումբի հետ համատեղ նա կազմակերպեց երկրաշարժից հետո որբ մնացած 80 հայ երեխաների հանգիստը Չեխիայում։

Դանան ակտիվ դեր է խաղացել չեխական մամուլում ու հեռուստատեսությամբ Արցախի խնդրի լուսաբանման հարցում։ Նրա հայտնի հարցազրույցը Ադրբեջանի նախկին նախագահ Մութալիբովի հետ մինչ օրս մնում է Ադրբեջանի կողմից արված հիմնական փաստացի հաստատումն այն իրողության, որ Խոջալուի ողբերգությունը կազմակերպել էր Ադրբեջանի Ժողովրդական ճակատը։

Անցած տարիներին Դանան շարունակել է պաշտպանել հայ ժողովրդի արդար պայքարը՝ լինի դա չեխական խոհրդարանում, թե Բրյուսելում՝ Եվրոխորհրդարանում։ Հանդես է եկել բազմաթիվ հարցազրույցներով թե՛ չեխական մամուլում, թե ՛ ՕՐԵՐ եվրոպական ամսագրում, թե Հայաստանի ու սփյուռքի լրատվամիջոցներում։

Դանա Մազալովան ակտիվորեն պաշտպանում էր նաեւ Հայ Դատը, բազմիցս ելույթներ է ունեցել Չեխիայում կազմակերպված տարբեր ձեռնարկների ընթացքում՝ կոչ անելով Չեխիայի խորհրդարանին ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

Հայաստանի Հանրապետությունը 2018 թվականին բարձր է գնահատել Դանա Մազալովայի` Սպիտակի երկրաշարժի օրերին ցույց տված աջակցությունը եւ պարգեւատրել է նրան ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հոբելյանական մեդալով։ Չեխական լրատվամիջոցների կողմից Դանան արժանացել է «Լավագույն լրագրող» մրցանակին։