Արաբական Միացյալ Էմիրություններից հետո 30 օրվա մեջ երկրորդ արաբական երկիրն է համաձայնում բարելավվել հարաբերություններն Իսրայելի հետ: Դիվանագիտական լիարժեք հարաբերությունների հաստատման հարցում պայմանավորվածության գալու համար նորից միջնորդել է Միացյալ Նահանգները:
«Սա իսկապես պատմական օր է»,- Սպիտակ տանը լրագրողների հետ հանդիպմանն ասել է նախագահ Դոնալդ Թրամփը, որը հավատում է՝ դեռ մյուս երկրներն էլ կմիանան այս քայլին:
Այսպիսով, Բահրեյնը կմասնակցի Իսրայելի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների միջեւ համաձայնագրի ստորագրման արարողությանը, որը տեղի կունենա սեպտեմբերի 15-ին:
Տեղեկացնենք նաեւ, որ Իրանն արդեն դատապարտել է Բահրեյնի եւ Իսրայելի միջեւ հարաբերությունների կարգավորման որոշումը, որը, ըստ էության, իր ազդեցությունը կթողնի ոչ միայն Պաղեստինյան հիմնախնդրի, այլեւ հենց Թեհրանի վրա: Իրանի արտգործնախարարությունը տեղի ունեցածը որակել է խայտառակ եւ ստոր քայլ Մանամայի կողմից, որը զոհաբերում է Պաղեստինի գործը, այս ժողովրդի տասնամյակների պայքարը եւ տառապանքը՝ հանուն Միացյալ Նահանգների ընտրությունների: Իսկ ահա Հորդանանը հայտարարել է, որ Էմիրությունների եւ Բահրեյնի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո Իսրայելը պետք է արմատապես փոխի իր քաղաքականությունը պաղեստինյան հարցում: