կարևոր
4138 դիտում, 2 տարի առաջ - 2020-09-12 11:46

Հելունագործության թագուհին. Անի Գևորգյանն արդեն 10 տարի է, ինչ հելունը դարձրել է իր կյանքի մեկ մասնիկը

Հելունագործության թագուհին. Անի Գևորգյանն արդեն 10 տարի է, ինչ հելունը դարձրել է իր կյանքի մեկ մասնիկը

Սեպտեմբերի 12-ը հելունագործության միջազգային օրն է (International Crochet Day)։ Տոնին ընդառաջ Yerkirmedia.am-ը զրուցել է երիտասարդ հելունագործ Անի Գևորգյանի հետ։

- Ինչի՞ց ծնվեց սերը դեպի հելունագործություն.

Դա սեր էր առաջին հպումից։ 13 տարեկանում ազատ ժամանակս լցնելու համար ծնողներս տարան հելունագործության խմբակ, ու արդեն 10 տարի է հելունը դարձել է իմ կյանքի մի մասնիկը, իսկ վերջին մեկ ու կես տարին նաև փոքրիկ եկամտի աղբյուր։

- Շատերը համարում են, որ հելունագործությունն ավելի հետաքրքիր ու հեշտ է, քան շյուղերով գործելը․ ի՞նչ եք կարծում, այսօր ձեռագործ արհեստի այս տեսակը պահանջված է, թե՞ ոչ.

Այո, հելունագործությունը հետաքրքիր ու հաճելի զբաղմունք է, բայց համեմատել շյուղագործության հետ չեմ կարող, քանի որ շյուղերով գործել դեռ չգիտեմ (մոտ ապագայում պլաններ կան)։ Ոչ միայն հելունագործությունը, այլ ընդհանրապես ձեռագործ աշխատանքները միշտ էլ պահանջված են եղել, պարզապես ոչ բոլորն են կարողանում իրենց թույլ տալ գնել այս կամ այն աշխատանքը (խոսքն այն մասին չէ, որ ձեռագործ աշխատանքները անհարկի թանկ են, քանի որ միայն ձեռագործությամբ զբաղվողները գիտեն, թե ինչքան ջանք ու եռանդ է ներդրվում յուրաքանչյուր աշխատանքի մեջ, որը ցածր գնով վաճառելը հավասար է թերագնահատման)։ Երբ վաճառքի ոլորտում դեռ սկսնակ էի, համոզված էի, որ անհրաժեշտ է խաղալիքները վաճառել այնպես որ շատերը կարողանան ձեռք բերել, և երկար ժամանակ տրվեց ինձ հասկանալու, որ ցածր գինը չի արտացոլում իմ աշխատանքների իրական արժեքը (գուցե այս խոսքերս մեծամտություն թվան, բայց ես տեղում կանգ չեմ առնում և յուրաքանչյուր նոր խաղալիքն առավել կատարելագործված է լինում, քան նորը, իսկ այդպիսի արդյունքի ես հասնում եմ իմ տեսողության ու երբեմն նյարդերի հաշվին), և, բացի այդ, այն մարդիկ ովքեր իսկապես գնահատում են ձեռագործությունը և ցանկանում են գնել պատրաստ են ավելին վճարել։

- Արդյո՞ք հելունագործությունն օգնեց ավելի հեշտ հաղթահարել համավարակի դժվարին օրերը.

Այն օգնեց հաղթահարել կարանտինը: Ավելին՝ այս ժամանակահատվածում նոր հնարավորություն ստեղծվեց. բացվեց Յութուբյան իմ ալիքը, որի հիմանական նպատակը ցանկացողներին հելունագործություն սովորեցնելն ու իմ փորձով կիսվելն է։

- Երբևէ նշե՞լ ես հելունագործի օրը, եթե այո, ապա ինչպե՞ս.

Դեռ չեմ հասցրել նշել այնպես, ինչպես հարկն է, բայց գուցե մի օր աշխատանքը գնահատող մարդկանց հետ ես այս օրը կնշեմ մեծ շուքով։ Երբեմն անգամ իմ ծննդյան տարեդարձը չեմ նշում, բայց դրանից այդ օրվա կարևորությունը չի նվազում։

Անիի գործերը կարող եք գտնել նաև Armenia_crochet.am ֆեյսբուքյան էջում։

Զրույցը վարեց Լիանա Ստեփանյանը