ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանի գլխավորությամբ սեպտեմբերի 11-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որին մասնակցել են կառավարության ենթակա տեսչական մարմինների ղեկավարները, ինչպես նաև պաշտոնատար այլ անձինք:
Հանդիպման ժամանակ ամփոփվել են արտակարգ դրության ընթացքում տեսչական մարմինների կողմից կատարված աշխատանքները: Նաև քննարկվել են կառավարության որոշմամբ մինչեւ հունվարի 11-ը հայտարարված կարանտինի ընթացքում սահմանված միջոցառումների ու սահմանափակումների նկատմամբ իրականացվելիք վերահսկողության կազմակերպչական աշխատանքները:
«Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Սննդամթերքի անվտանգության ու Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինները սահմանված վերահսկողությունն իրականացնելու են ստուգայցերի միջոցով, որի արդյունքում կիրառվելու են նաև վարչական պատասխանատվության միջոցներ: Մյուս տեսչական մարմինները Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի հրամանով փոխօգնության շրջանակներում ներգրավվելու են ոլորտային ստուգայցերի իրականացման աշխատանքներում: