կարևոր
880 դիտում, 1 տարի առաջ - 2020-09-11 14:10

Թալիբներն աֆղանցի 16 զինվոր ու ոստիկան են սպանել

Թալիբներն աֆղանցի 16 զինվոր ու ոստիկան են սպանել

Աֆղանցի առնվազն 16 զինվոր ու ոստիկան զոհվել, մի քանիսը վերքեր են ստացել Աֆղանստանի արեւելքում թալիբների գրոհի ժամանակ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ին:

«Թալիբան»-ի զինյալներն Աֆղանստանի անվտանգության ծառայությունների դիրքերի վրա են հարձակվել Նանգարհարի նահանգի Խոգիյանի շրջանում:

Քատարի ԱԳ նախարարությունը հաղորդել է, որ Դոհայում միջաֆղանական բանակցությունները կսկսվեն սեպտեմբերի 12-ին: «Թալիբան»-ի ղեկավարության անդամ Աբդուլ Ղանի Բարադարը եւ արմատական շարժման պատվիրակության ներկայացուցիչները ժամանել են Քատարի մայրաքաղաք:

Թալիբների պաշտոնական ներկայացուցիչ Զաբիուլլա Մուջահիդը հայտնել է, որ շարժումը պատվիրակություն է ձեւավորել Աֆղանստանի կառավարության հետ բանակցություններին մասնակցելու համար, դրա մեջ մտել է 21 մարդ:

Օգոստոսի սկզբին Աֆղանստանի ժողովրդական ներկայացուցիչների համազգային ժողովի (Լոյա Ջիրգա) անդամները որոշել էին ազատ արձակել «Թալիբան»-ի մնացած 400 անդամներին: Դա եղել է թալիբների պայմանը միջաֆղանական բանակցություններն սկսելու համար:

Ավելի ուշ Աֆղանստանի կառավարության բանակցային խմբի անդամ Ահմադ Նադեր Նադերին «ՌԻԱ Նովոստիին» հայտնել էր, որ Աֆղանստանի իշխանությունների եւ արմատական շարժման միջեւ բանակցությունները սկսելուն ոչ մի բան չի խոչընդոտում, բանակցությունները ձգձգելու պատճառներ չկան:

Փետրվարի վերջին Քատարում անցկացված արարողությանը ԱՄՆ-ը եւ «Թալիբան»-ը ստորագրել են ավելի քան 18 տարվա ընթացքում հաշտության առաջին համաձայնագիրը, որը նախատեսում է 14 ամսվա ընթացքում օտարերկրյա զորքերի դուրսբերում Աֆղանստանից եւ միջաֆղանական երկխոսության սկսում գերիների փոխանակման գործարքից հետո: ԱՄՆ-ի զինվորականներն այդ համաձայնագրի շրջանակներում հինգ ռազմակայան են լքել երկրում: