3248 դիտում, 2020.09.11 16:07

Իմ պատրաստած տիկնիկներն ունեն միայն աչքեր, դրանով էլ դառնում են ավելի հետաքրքիր. Սիրանուշ Հովսեփյան

Իմ պատրաստած տիկնիկներն ունեն միայն աչքեր, դրանով էլ դառնում են ավելի հետաքրքիր. Սիրանուշ Հովսեփյան

Սիրանուշ Հովսեփյանը երկար տարիներ կախազարդեր է պատրաստել։ Պատմում է, որ դրանք և՛ նվիրում, և՛ վաճառում էր։ Ու մի օր էլ կախազարդերը փոխարինվեցին մարդկային կերպարանքով տիկնիկների։ Գաղափարը ծնվեց այն ժամանակ, երբ երկու տարի առաջ Սիրանուշի սիրելին իրեն կտորից պատրաստված տիկնիկների լուսանկարներ ցույց տվեց։ 

«Միտքն առաջացավ, երբ նշանածս ձեռագործ տիկնիկների նկար էր ուղարկել, ինքս էլ շատ հավանեցի, և քանի որ մոտենում էր նրա ծննդյան օրը, որոշեցի փորձել և ստանալ մեր երկուսի կերպարները»,- Yerkirmedia.am-ի հետ զրույցում վերհիշել է Սիրանուշ Հովսեփյանը:

Առաջին կերպարը, որը նա ստացել է եղել է հենց իրենը: Մարդիկ տեսնելով տիկնիկը, միանգամից գտել են նմանությունը։  Ավելի ուշ նա իր աշխատանքների լուսանկարները տեղադրել է սոցցանցերում։  

«Աշխատանքս համացանցում տեղադրելով մտածեցի, որ մարդիկ կլինեն, որոնք կցանկանան ձեռք բերել իրենց կերպարով տիկնիկներ, կամ ցանկություն կառաջանա նվիրել, չէ՞ որ այն հետաքրքիր նվեր է: Եղան և՛ դրական, և՛ բացասական մեկնաբանություններ»:

«Իմ պատրաստած տիկնիկները չունեն դեմք, ունեն միայն աչքեր, դրանով էլ դառնում են ավելի հետաքրքիր»,- նշում է մեր հերոսուհին։

Нет описания фото.

«Տիկնիկները պատրաստում եմ անձամբ։ Դրանք երկու տեսակի են՝ թելից և բնական մազերով: Ցանկացած պատվերի ժամանակ փորձում եմ ընդհանուր հագուստի, մազերի, փոքրիկ դետալների շնորհիվ ստանալ կերպարը: Նաև լինում են դեպքեր, երբ հագուստի կտորը չեմ կարողանում գտնել, այդ ժամանակ փորձում եմ կտորի վրա եղած նախշերը նկարել»:

Իր աշխատանքն ուրիշներին փոխանցելու մասին Սիրանուշը դեռ չի մտածում, բայց վստահեցնում է՝ եթե լինեն մարդիկ, որոնք ցանկություն կհայտնեն՝ մեծ սիրով կուսուցանի:

Ֆոտոշարք